Բացահայտիր Արագածոտնը - Քարակապ վիշապաքար

Քարակապ վիշապաքարը հայտնաբերվել է 1924 թվականին Հուշարձանների պահպանության կոմիտեի արշավախմբի կողմից՝ Արագածի բարձունքներում գտնվող Ղարաղաղի ստորոտում: Այս բրգաձև մենաքարը ունեցել է 3.4 մետր բարձրություն և կանգնած է եղել իր սկզբնական վայրում մինչև 1970-ական թվականները, որից հետո տեղափոխվել է Քարի լճի հարակից տարածք: Տեղացիների վկայությամբ՝ այդ տարածքը կոչվել է Ջհանգիր Աղայի յայլա, որտեղ, ըստ ավանդության, տեղի է ունեցել հարսանիք զորավար Անդրանիկի մասնակցությամբ:
Հնագիտական տեսանկյունից ենթադրվում է, որ վիշապաքարը բնօրինակում կանգնեցված է եղել կրոմլեխի կամ հարթակի վրա: Տեղանքում մինչև օրս պահպանվել են քարային կուտակումներ, վիշապաքարեր, կրոմլեխներ և ժայռապատկերներ: 1970-ական թվականներին այն տեղադրվել է բետոնի մեջ՝ գլխիվայր, գլխամասը հարթեցվել է, իսկ հիմքում որպես հիշատակ տեղադրվել են երկու հատ 1961 թվականի 5 կոպեկանոց մետաղադրամ:
Վիշապաքարերը բնորոշ են միայն Հայկական լեռնաշխարհին և հանդիպում են մինչև 3200 մետր բարձրության վրա: Դրանք կապված են հին ավանդազրույցների հետ, որոնցում վիշապները պահպանում են ջրի տարրը և խորհրդանշում բնության ուժը: Այս հուշարձանը հանդիսանում է Հայաստանի դիցաբանական անցյալի խորհրդավոր վկան, որտեղ քարերն առասպելների ու հավատալիքների լեզվով են պատմում:
Տարաշրջանը և թվագրումը՝ Միջին և ուշ բրոնզի դարեր, Ք.ա. XXIV-XIII դդ.: Բարձրությունը՝ մոտ 2768 մետր (նախնական տեղը), 3181 մետր (ներկա տեղը): Տեղակայումը և կոորդինատները՝ Քարի լճի շրջակայք, N 40.472332°, E 044.181848° (ներկա տեղը):
Լուսանկարը` armeniahiddengems.aua.am-ի