Բացահայտիր Արագածոտնը - Ճարճակիս

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը - Ճարճակիս

Ճարճակիսը պատմական լեռնային գյուղ է Հայաստանի Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում, Փամբակի լեռների լանջին։ Հեռավորությունը մարզկենտրոնից կազմում է 48 կմ հյուսիս-արևմուտք, իսկ բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2180 մ։

​Բնակավայրը 1978 թվականին անվանվել է Դերեկ, որը եզդիերենից թարգմանաբար նշանակում է «աղբյուր», իսկ 2016 թվականին վերանվանվել է Ճարճակիս։ Հարևան համայնքներն են Մելիքգյուղը, Միջնատունը և Ալագյազը։

​

  • ​Գյուղում պահպանվել է V դարի մի ավերակ եկեղեցի։

  • ​Հնագիտական պեղումների համաձայն՝ բնակավայրի հյուսիսարևելյան մասում հայտնաբերվել է դամբարանադաշտ, որտեղ իրականացվել են կրոմլեխային թաղումներ։

  • ​Կրոմլեխը (սեդան, քար, նեոլիթի և հիմնականում բրոնզեդարյան մեգալիթյան կառույցի տեսակ) բաղկացած է մինչև 5–6 մետր բարձրության, մեկ կամ մի քանի համակենտրոն շրջաններ կազմող առանձին քարերից։

  • ​Համաձայն Վիկտոր Պետրոսյանի «Նիգ-Ապարանի պատմաճարտարապետական հուշարձանները» (1987թ.) գրքի՝ 1951 թվականին հնագետ Ա. Մնացականյանը պեղել է դամբարաններից մեկը, որից քարե արկղից հանվել են սև կավամաններ, ցուլի գանգ և երկու բարակավիզ գնդաձև իրանով կանթավոր սափորներ։

Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և երկրագործությամբ։

​Ճարճակիսը մնում է այն աննկատ բարձրլեռնային գյուղերից մեկը, որտեղ լավագույնս է զգացվում հայկական լեռնաշխարհի խստաշունչ, մաքուր ու իսկական շունչը, իսկ տեղացիներն աչքի են ընկնում իրենց հյուրընկալ, աշխատասեր և հողին ու լեռներին ամուր կապված բնավորությամբ։

​Տեղակայումը Հայաստանի Արագածոտնի մարզ, Ալագյազ համայնք, Փամբակի լեռների լանջ

Կոորդինատներ. 40°42′12″N 44°19′34″E