Բացահայտիր Արագածոտնը - Ուշիի Սուրբ Սարգիս վանք

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը - Ուշիի Սուրբ Սարգիս վանք

Ուշիի Սուրբ Սարգիս վանքը հայկական խոշոր վանքային համալիր է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ուշի գյուղում։ Միջնադարում այն եղել է հոգևոր կրթության կարևորագույն կենտրոններից մեկը։ Ընդգրկված է Ուշիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

​

​Սուրբ Սարգսի վանական համալիրը հիմնադրվել է V–VII դարերում՝ Ուշի գյուղից 1 կմ արևմուտք՝ բարձունքի վրա։ Վանքի մասին վկայում են պատմահայր Մովսես Խորենացին և Ղևոնդ Ալիշանը։ Համալիրը կազմված է երկու եկեղեցուց, գավթից, պարպապատերից և օժանդակ շինություններից։

​Այն հիմնադրվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, ով սբ. Սարգսի աճյունը բերել է նախ Կարբի, ապա Ուշի և սրբի մասունքների վրա հիմնել եկեղեցի։ Հնագույնը Սբ. Սարգիս միանավ թաղածածկ եկեղեցին է, որի պայտաձև Ավագ խորանից մուտք կա դեպի հյուսիսից կից ավանդատուն։ Պատերի ստորին՝ վաղմիջնադարյան մասը շարված է կոպտատաշ բազալտ քարով, իսկ վերին մասը 1203-ին վերակառուցվել է սրբատաշ սև տուֆով։

​XII դարի վերջին – XIII դարի 1-ին կեսին Սբ. Սարգիս եկեղեցուն հվ-ից կից, մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածքով կառուցվել է վանքի գլխավոր ստորին մասը, բուսական և երկրաչափական զարդաքանդակներով արևմտյան և հյուսիսային շքամուտքերը, շքեղ քանդակազարդ բեմառաջք։ Եկեղեցու Ավագ խորանը և առաստաղը ծածկված են եղել որմնանկարներով։

​XIII դարում վանքը Վաչուտյան իշխաններից ստացել է մի շարք նվիրատվություններ։ XIII դարին բնորոշ զարդամոտիվներով զարդարված երկու մուտքերը բացվում են արևմտյան և հարավային ճակատներում։

​1654–57-ին Ուշիի Ս. Սարգիս վանքի վանահայր Ոսկան Երևանցին կոպտատաշ բազալտ քարով կառուցել է վանքը շրջափակող, ուղղանկյուն հատակագծով, աշտարակներով ուժեղացրած պարսպապատեր, որոնց ներսից կից եղել են բնակելի և տնտեսական շինություններ։ Հյուսիս-արևմտյան կողմում թաղածածկ մեծ սրահն է և նրա շարունակությունը կազմող երկհարկանի խցերը։ Վանքի գլխավոր մուտքը հարավ-արևելքից է։

​1827-ին Ուշիի Ս. Սարգիս վանքը երկրաշարժից ավերվել է։ 1999-ից, Շահե արք. Անճեմյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, սկսվել են վանական համալիրի պեղումները (ղեկ.՝ Ֆ. Բաբայան), որոնց ընթացքում բացվել են Ս. Աստվածածին եկեղեցին, սրահի, օժանդակ շինությունների ավերակները, հայտնաբերվել են մշակույթային արժեք ներկայացնող հնագիտական նյութեր, խաչքարեր, դրամներ և այլն։ Այսօր վանքին կից փոքրիկ բազիլիկ եկեղեցին է միայն կանգուն, որը, ըստ արձանագրության, կառուցվել է 1203 թվականին, իսկ մյուս հատվածները խոնարհված են։

​

​Վանքը տեղադրված է ուշ բրոնզ-վաղերկաթեդարյան ամրոց-բնակավայրի հարավային եզրին, բարձրադիր բլրի թեք լանջին։ Այն միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային նշանավոր կենտրոններից է։ Հուշարձանի վերաբերյալ առաջին վկայությունը պահպանվել է «Յայսմավուրք»-ում՝ Մ. Մաշտոցի կողմից Ս. Սարգսի մասունքները այստեղ ամփոփելու և վանք հիմնելու կապակցությամբ։ Վանքի վիմագրերում ևս այն անվանվում է Ս. Սարգիս զորավար։

​Վանքի ծաղկման երկրորդ փուլը վերաբերում է XIII–XIV դդ. և համընկնում է Վաչուտյան իշխանական տան շինարարական գործունեության հետ։ Այդ ընթացքում կառուցվել են Ս. Աստվածածին եկեղեցին, գավիթը, զանգակատունը։ Երրորդ շինարարական փուլը վերաբերում է XVII դ., երբ վանքի վանահայր է նշանակվում Ոսկան Երևանցին։ 1654–1662 թթ. նրա ջանքերով կառուցվում են արտաքին սյունասրահը, տարաբնույթ շենքեր և վանքը շրջապատվում է պարսպով։ XVIII դ. առաջին կեսին վանքը լքվում է և վերջնականապես ավերվում 1827 թ.։

​

​Վանական համալիրը բաղկացած է Ս. Սարգիս մատուռից, Ս. Աստվածածին եկեղեցուց, գավթից, զանգակատնից և XVII դ. կառուցված բնակելի, տնտեսական, քաղաքացիական ու արտադրական մի շարք կառույցներից, որոնք պարփակված են շրջապարսպով։

  • ​Ս. Սարգիս եկեղեցի: V–VII դդ. բնորոշ փոքր միանավ, երկթեք տանիքով ուղղանկյուն կառույց է, որը շարված է հիմքում կոփածո բազալտե, վերևում սրբատաշ տուֆե քարերով։ Վերանորոգվել է XI–XII դդ., ապա 1203 թ.՝ համաձայն մուտքի վրա պահպանված արձանագրության։

  • ​Ս. Աստվածածին եկեղեցի: Հարավից կից է Ս. Սարգիսին։ Կառուցվել է XIII դ. սկզբին, մեկ զույգ մույթերով գմբեթավոր սրահ է՝ հյուսիսարևելյան և հարավարևելյան կրկնահարկ ավանդատներով։ Ավագ խորանի բեմնեզրը հարդարված է վեցանիստ մեդալիոնների շարով, որոնց դաշտերը լցված են բուսական տարբեր զարդատարրերով։

  • ​Գավիթ: Կից է Ս. Աստվածածին եկեղեցուն հարավից։ Կառուցվել է 1264 թ.՝ երկրաշարժից քանդված եկեղեցու տեղում։ Գավիթը հանդիպակաց պատերի ութ որմնասյուներով և խաչվող կամարներով քառանկյուն շենք է, որի մուտքերը արևմտյան և արևելյան կողմերում են։ Հարավային ճակատում բացվում են սյունով բաժանված կրկնակի պատուհաններ։

  • ​Զանգակատուն: Ըստ հայտնաբերված վիմագրի՝ 1311 թ. կառուցված զանգակատուն է, որի հիմնապատերը պեղումներով բացվեցին եկեղեցուն և գավթին կից՝ արևմտյան կողմից։

  • ​Պարիսպ և օժանդակ կառույցներ: Վանքի շրջապարիսպը հիմնովին վերանորոգվել է XVII դարում։ Այն անկանոն քառանկյուն հատակագիծ ունի՝ ուժգացված 2 ուղղանկյուն և 3 կիսակլոր երկհարկանի աշտարակներով։ Հյուսիսային, արևմտյան և հարավային պարսպապատերին կից կառուցվել են երկհարկանի վանախցեր, օժանդակ շենքեր, թաղակապ հյուրատուն, սյունազարդ սրահ։ Ս. Սարգսի հյուսիսարևմտյան կողմում բացվել է երկու բաժանմունք ունեցող կամարակապ սրահ, որը հավանաբար ծառայել է իբրև սեղանատուն։

  • ​Գտածոներ: Խաչքարեր, վիմագիր քարեր, խեցեղեն, մետաղե և ապակե իրեր, դրամներ։

​

​Ս. Սարգիս անվամբ եկեղեցիների շարքում մեզ հայտնի ամենավաղ կառույցը Ուշիի Ս. Սարգիս մատուռ-վկայարանն է։

​Պատմում են, որ Ս. Սարգսի տոնի օրը, Ս. Սարգսին նվիրված մատուռի վրա երևում է Լուսավորչի կանթեղը։

​Տեղակայումը

  • ​Մարզ: Արագածոտնի մարզ, գ. Ուշի

  • ​Կոորդինատներ: 40°20'51"N 44°21'36"E