Բացահայտիր Արագածոտնը - Ներքին Բազմաբերդի հայագիտական թանգարան-լսարան

· Թալին

Բացահայտիր Արագածոտնը - Ներքին Բազմաբերդի հայագիտական թանգարան-լսարան

Ներքին Բազմաբերդի հայագիտական թանգարան-լսարանը գործում է Ներքին Բազմաբերդ բնակավայրի Եսայի Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցում: Այն պաշտոնապես բացվել է 2021 թվականի նոյեմբերի 5-ին՝ «Համայնքային հուշարձանապահպանություն» գիտակրթական և գործնական ծրագրի շրջանակներում:

Հետագայում հաստատությունը վերանվանվել է «Թանգարան-հայագիտական լսարան», որի ստեղծմանն ու կայացմանն աջակցել են «Պատմամշակութային արարգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Ներքին Բազմաբերդի դպրոցը և Ասատրյանների ընտանիքը։

​Նախաձեռնության իրականացմանը մեծապես նպաստել են դպրոցի սաները՝ Հասմիկ Ասատրյանի ղեկավարությամբ մասնակցելով «Յոթ սարի հետևում» մրցույթ-փառատոնին և դառնալով մրցանակակիր։ Ցուցափեղկերում տեղ են գտել անվանի գիտնական ու զինվորական Եսայի Ասատրյանի անձնական իրերը, գիտական աշխատանքների օրագրերը, տետրերը, հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված նմուշներն ու լուսանկարչական խցիկը:

Լսարանի առանձնահատուկ անկյունում ներկայացված են նաև հայկական ազգագրական կենցաղի իրեր, այդ թվում՝ կարպետ, գորգ, օրորոց, խեցեղեն և զենքեր։ Այստեղ ցուցադրվում են նաև հնագետ-գիտնականի հեղինակած երկու՝ «Զաքարի բերդ» և «Թալինի շրջանի հուշարձանները» գրքերը։

​Այս ծրագիրն ունի կարևորագույն նշանակություն. նախ՝ այն լայն ճանաչելիություն է բերում բնակավայրին ու դպրոցին, և երկրորդ՝ աշակերտներին հնարավորություն է ընձեռում ներգրավվելու հետաքրքիր գիտակրթական նախաձեռնություններում, պեղումներում և հուշարձանապահպանական աշխատանքներում՝ խթանելով նրանց մտահորիզոնի ընդլայնումը:

Այս թանգարանը հանդիսանում է առաջին նմանօրինակ նախագիծը դպրոցում և կարող է լուրջ խթան դառնալ տեղական զբոսաշրջության զարգացման համար:

​Տեղակայումը՝ Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզ, գյուղ Ներքին Բազմաբերդ, Եսայի Ասատրյանի անվան միջնակարգ դպրոց

Կոորդինատներ՝ 40.3541, 43.8972

Լուսանկարը `Թալինի համայնքապետարան-ի