12 անշարժ գույք և 8.9 մլն դրամ եկամուտ․ ի՞նչ ունեցվածք ունի 2002 թվականից Ծաղկահովիտի համայնքապետ Նորաին Հակոբյանը. Armlur.am

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել համայնքի ղեկավարների անցած ուղին, պաշտոնավարման տարիները և հայտարարագրած ունեցվածքը՝ հանրությանը ներկայացնելու, թե ովքե՞ր են համայնքները ղեկավարող պաշտոնյաները և ի՞նչ գույք ու եկամուտներ ունեն։
Այս անգամ մեր ուսումնասիրության կենտրոնում Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանն է։
Նորաին Հակոբյանը ծնվել է 1956 թվականի հունվարի 2-ին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում։ Նրա աշխատանքային գործունեությունը սկսվել է 1977 թվականից․ 1977-1980 թվականներին աշխատել է շրջանային կինոցանցում՝ որպես ավագ ինժեներ, իսկ 1986-2002 թվականներին նույն կառույցի տնօրենն է եղել։
Համայնքի ղեկավարի պաշտոնը Նորաին Հակոբյանը զբաղեցրել է նաև նախկինում։ 2002-2005 թվականներին նա եղել է Ծաղկահովիտի համայնքապետ, այնուհետ՝ 2005-2012 թվականներին կրկին ղեկավարել է համայնքը։ 2016 թվականի սեպտեմբերի 18-ին նա ընտրվել է Ծաղկահովիտի համայնքապետ։
Ներկայում Նորաին Հակոբյանը համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականի մայիսի 1-ից ։
Անշարժ գույք
Նորաին Հակոբյանի հայտարարագրում նշված է 12 միավոր անշարժ գույք։ Դրանցից մի մասը միանձնյա, իսկ մյուսները՝ համատեղ սեփականությամբ են։
Միանձնյա սեփականությամբ առկա է Ծաղկահովիտում գտնվող բնակելի տուն՝ տնտեսական շինություններով, որը ձեռք է բերվել 2019 թվականի մայիսի 29-ին, ինչպես նաև նույն համայնքում գտնվող հողամասեր և հասարակական նշանակության շինություն։
Հայտարարագրում առկա է նաև Աշտարակում գտնվող հողամաս, որը ձեռք է բերվել 2009 թվականի օգոստոսի 24-ին։
2025 թվականին Նորաին Հակոբյանը նոր անշարժ գույք չի ձեռք բերել և գույք չի օտարել։
Նրա անունով առկա է նաև 1993 թվականի արտադրության FORD մակնիշի տրանսպորտային միջոց, որը ձեռք է բերվել 2008 թվականի փետրվարի 4-ին։ 2025 թվականին նոր տրանսպորտային միջոց չի ձեռք բերվել և առկա մեքենաներից որևէ մեկը չի օտարվել։
Եկամուտ
2025 թվականին Նորաին Հակոբյանի հայտարարագրած ընդհանուր եկամուտը կազմել է 8 մլն 987 հազար 109 դրամ։
Դրանից 5 մլն 373 հազար 109 դրամը աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ են, որոնք ստացել է Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմից։
Նա նաև 744 հազար դրամ կենսաթոշակ է ստացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, իսկ 2 մլն 870 հազար դրամ եկամուտ է ստացել գյուղատնտեսական շուկայից։
Դրամական միջոցներ
Տարվա սկզբում Նորաին Հակոբյանը հայտարարագրել է 180 հազար դրամ կանխիկ գումար, իսկ տարվա վերջում նրա մոտ առկա կանխիկ դրամը կազմել է 250 հազար դրամ։
Նրա անունով առկա է նաև 60 հազար դրամի բաժնետոմս «Ակբա բանկ» ԲԲԸ-ում։
Դեկտեմբերի 31-ի դրությամբ Նորաին Հակոբյանի վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 600 հազար դրամ։
Ծախսեր
2025 թվականին գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված Նորաին Հակոբյանը կատարել է 2 մլն 700 հազար դրամի ծախս։
Հարկ է նշել, որ Նորաին Հակոբյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ծաղկահովիտ համայնքի տարածքային կառույցի խորհրդի նախագահն է։
Սոնա Գրիգորյան