Բացահայտիր Արագածոտնը - Լեռնապար

Լեռնապարը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում: 1978 թվականին վերանվանված այս գյուղը նախկինում ունեցել է Փամբ Հայկական անվանումը: Գյուղը տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջին՝ կանաչապատ հարթավայրում, ծովի մակարդակից բարձր է 2140 մետր: Մարզկենտրոն Աշտարակ քաղաքից հեռու է 57 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով, իսկ ամառները՝ տաք, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18°, հունվարյանը՝ -6, -8° սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը կազմում է 450-600 մմ:
Լեռնապարի ներկայիս բնակիչների նախնիները գյուղ են վերաբնակվել 1829-1830 թվականներին պատմական Տուրուբերան նահանգից: Գյուղի տարածքում կան մի շարք հուշարձաններ, որոնք ներառված են պետության կողմից պաշտպանվող հուշարձանների ցանկում: Գյուղից 1,3 կմ դեպի հարավ-արևելք՝ Լեռնապար - Ծիլքար ավտոճանապարհից աջ, գտնվում է մ.թ.ա. 2-ից 1-ին հազարամյակներով թվագրվող «Բերդի լանջ» ամրոցը: Գյուղից 1 կմ հարավ-արևելք գտնվում է մ.թ.ա. 2-ից 1-ին հազարամյակով թվագրվող դամբարանադաշտ: Գյուղի հյուսիսային մասում է գտնվում 1866 թվականին կառուցված և ներկայիս կիսավեր եկեղեցին, որի շուրջ տարածված է 18-20-րդ դարերի գերեզմանոց: Եկեղեցու հյուսիսային ավանդատան պատին՝ պատուհանի մոտ ագուցված է վաղ միջնադարով թվագրվող խաչքար: 2011 թվականին Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ բացվել է նորակառույց Սուրբ Խաչ մատուռը:
Գյուղի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է, տարածքում առկա են խոտհարքեր: Գյուղացիները զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է հասնում անասնապահությանը՝ խոշոր և մանր եղջերավոր անասնապահությանը:
Լեռնապար գյուղի բնակիչներն առանձնահատուկ տոկունությամբ, աշխատասիրությամբ և հյուրընկալությամբ օժտված մարդիկ են։
Նրանք իրենց նախնիներից ժառանգել են ազգային ամուր նկարագիրը, ավանդապահությունն ու միմյանց նկատմամբ հոգատար վերաբերմունքը
Տեղակայումը՝ ՀՀ Արագածոտնի մարզ, Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջ, կանաչապատ հարթավայր (մարզկենտրոն Աշտարակից 57 կմ հյուսիս-արևմուտք)։
Կոորդինատներ՝ 40°44′55″N 44°9′38″E