Ճանաչենք Արագածոտնի մարզի տաղանդներին - Ժորա Մովսիսյան
· Աշտարակ

Ժորա Մովսիսյանը ծնվել է 1926 թվականին Աշտարակ քաղաքում: Նա դեռևս դպրոցական տարիներից սկսել է հետաքրքրվել թատրոնով և առանձնացել իր հնչեղ ձայնով: 1943 թվականից սկսած աշխատել է Աշտարակի, 1950 թվականից՝ Գորիսի և Երևանի պատանի հանդիսատեսի, իսկ 1962 թվականից՝ Ստեփանակերտի թատրոններում:
Թատերական գործունեության ընթացքում հանդես է եկել բազմաթիվ ներկայացումներում և մարմնավորել տարբեր կերպարներ: Փիլոյան՝ Ժիրայր Անանյանի «Սերը ճամպրուկի մեջ», Նապոլեոն՝ Ա. Պապայյանի «Աշխարհն, այո, շուռ է եկել», Միկիչ՝ Ցագարելիի «Խանումի արարքները», Բրիլիանտով՝ Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», Բուրա Նուին՝ Մուրացանի «Ռուզան», Սերգեյ Պետրովիչ՝ Մաքսիմ Գորկու «Վասսա Ժելեզնովա», Տետերև՝ Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ»:
Կինոյում նույնպես ունեցել է դերակատարումներ՝ մասնակցելով «Օտար խաղեր» և Սաֆարյան՝ Ֆրունզե Դովլաթյանի «Մենավոր ընկուզենի» ֆիլմերի ստեղծմանը:
Իր ստեղծագործական գործունեության ընթացքում արժանացել է պատվավոր կոչումների ու մրցանակների: 1979 թվականին ստացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչում, իսկ 2004 թվականին՝ ԼՂՀ ժողովրդական արտիստի կոչում:
Մահացել է 2007 թվ-ի մարտի 13-ին։