Ճանաչենք Արագածոտնի մարզի մեծերին - Սամվել Մուրադյան

· Արագածոտն

Ճանաչենք Արագածոտնի մարզի մեծերին - Սամվել Մուրադյան

Սամվել Պարգևի Մուրադյանը ծնվել է 1945 թվականի հունվարի 20-ին Արագածոտնի մարզի Աղձք (նախկին Աշտարակի շրջան) գյուղում: Նա հայտնի հայ գրականագետ է, բանասիրական գիտությունների դոկտոր (1995), պրոֆեսոր (2003) և Հայաստանի գրողների միության անդամ (2001):

​1969 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1969-1972 թվականներին եղել է ԵՊՀ հայագիտության կենտրոնի գիտաշխատող, 1972-1984 թվականներին՝ «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի պատասխանատու քարտուղար, 1985 թվականից՝ ԵՊՀ դասախոս, իսկ 1992-1994 թվականներին միաժամանակ դասավանդել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում և ընծայարանում: 2001 թվականից զբաղեցնում է ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչի պաշտոնը:

​Լույս են տեսել Սամվել Մուրադյանի «Հարություն Սուրխաթյան» (1988), «Երվանդ Օտյան, կյանքը և գործը» (1996), «Գրական հանգրվաններ» (3 գիրք՝ 2004, 2007, 2010 թթ.), «Հայոց լեզվի հարցաշարերի շտեմարան դպրոցի ավարտական և պետական բուհերի ընդունելության քննությունների համար» և մի շարք այլ աշխատությունները:

​Գիտական մամուլում հրատարակել է ավելի քան 120 հոդված և ուսումնասիրություն: Իր առաջաբաններով, ծանոթագրություններով ու խմբագրությամբ հրատարակել է Հովհաննես Շիրազի մի շարք ստեղծագործություններ, այդ թվում՝ «Երկեր» (2000), «Անի» (2011), «Հատընտիր» (2012), «Թոնդրակեցիները» (2014), «Հուշարձան հայրիկիս» (2017), և «Անտիպ էջեր» շարքի գրքերը (գիրք Ա՝ 2018, գիրք Բ՝ 2019, գիրք Գ՝ 2020):

2014 թ-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պարգևին։