Բացահայտիր Արագածոտնը - Արագած լեռան ավանդությունները
Արագածի մասին կան մի քանի ավանդություններ.
Ասորեստանի թագուհի Շամիրամը սիրահարվել էր հայոց վայելչակազմ արքային՝ Արան։ Հայերի արքան որքան գեղեցիկ էր արտաքինով, նույնքան էլ առաքինի էր և օժտված էր բարոյական մաքրությամբ։ Նա գերադասեց չդավաճանել իր կնոջը՝ Նուարդին, և մերժեց Շամիրամի սերը։ Արաjից մերժված Շամիրամը որոշեց ուժով տիրանալ Արան և պատերազմ սկսեց նրա դեմ՝ հրամայելով իր զինվորներին կենդանի գերի վերցնել Արային։ Կռվի ժամանակ Շամիրամի սիրեկաններից մեկը որոշում է սպանել Արային, որին իր հակառակորդն էր համարում։
Երբ հայոց արքան ընկավ Շամիրամի դեմ մղած մարտում, հայերն իրար անցան։ Բանն այն է, որ արքայի՝ սոսու փայտից պատրաստված ու ադամանդներով, սուտակով ու շափյուղայով զարդարված գահը հարկավոր էր թշնամու աչքից հեռու պահել։ Թե որտեղ պիտի պահեին, չգիտեին։ Մտմտացին, խորհեցին և որոշեցին գահը տանել հեռու՝ Մասիսի դիմաց գտնվող քառագագաթ լեռան բարձունքները։ Իմանալով այդ մասին՝ Շամիրամի զորականները, կորցրած քուն ու դադար,ոտնատակ տվին լեռան խոտերով ու ծաղիկներով պատված լանջերը, սակայն գահը գտնել չկարողացան։ Ժամանակներ անցան, բայց հայերը չմոռացան ոչ Արային, ոչ էլ նրա գահը։ Նայելով լեռանը՝ մրմնջում էին՝ «Արայի գահ, Արայի գահ, Արագահ», որից էլ առաջացավ լեռան «Արագած» անունը։
Մեկ այլ ավանդություն պատմում , թե հայոց լեռները մի ժամանակ հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Ամեն առավոտ վաղ արթնանալով՝ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և հետո միայն ողջունել իրար։ Ժամանակ է անցնում, եղբայրները ծերանում են ու սկսում են ավելի ուշ վեր կենալ։ Մի օր էլ արթնանալով՝ նրանք, հակառակ իրենց սովորության, մոռանում են նախ գոտիները կապել և բարևում են իրար։ Աստված, տեսնելով այդ, բարկանում է և պատժում եղբայրներին։ Նրանք քարանում են ու դառնում լեռներ, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ քարացած եղբայրների արտասուքները՝ անմահական աղբյուրներ։ Այդ հսկաներից մեծությամբ չորրորդը Արագածն էր։
Մեկ այլ հայտնի ավանդության համաձայն՝ ժամանակին Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Մի օր, ինչպես է պատահում, նրանք կռվում են։ Մեկն ասում է՝ «Ես եմ լավը և քեզանից էլ բարձր», մյուսը թե՝ «Ես քեզանից էլ լավն եմ, և ավելի մեծ ու բարձր»։ Այդ միջոցին վրա է հասնում Մարութա լեռը և փորձում է հաշտեցնել քույրերին, բայց չի կարողանում։ Նա թողնում-հեռանում է և անիծում, որ Մասիսն ու Արագածն այնպես բաժանվեն իրարից, որ այլևս երբեք չհանդիպեն։ Մասիսն անիծում է Արագածին, որ ամբողջ տարին դարդը դուրս չգա նրա սրտից, և արտասուքն էլ չպակասի աչքերից։ Արագածն իրեն հերթին անիծում է Մասիսին, որ աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա կատարին և վրան մատաղ չմորթվի։
Լուսանկարը `Armgeo. am - ի