Բացահայտիր Արագածոտնը - Բազալտե արև. Բնության երկրաբանական հրաշքը

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը - Բազալտե արև. Բնության երկրաբանական հրաշքը

Բազալտե արևը բնության երկրաբանական եզակի հուշարձան է Հայաստանի Հանրապետությունում, որն իրենից ներկայացնում է բազալտային սյուների յուրօրինակ ճառագայթաձև անջատում։

Այս բնական կերտվածքն առանձնանում է իր տպավորիչ տեսքով և գիտական նշանակությամբ՝ լինելով Հայաստանի հարուստ հրաբխային ժառանգության վառ օրինակներից մեկը։

​Հուշարձանը գտնվում է Արագածոտնի մարզում, Բյուրական գյուղից մոտ 7 կմ դեպի հյուսիս։

Այն տեղակայված է Արխաշին գետի ձախափնյա մասում, պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող Ամբերդ ամրոցի անմիջական հարևանությամբ։

Տեղանքը ոչ միայն գեղատեսիլ է, այլև կարևոր զբոսաշրջային ուղղություն, որտեղ միահյուսվում են բնական հրաշալիքն ու միջնադարյան ճարտարապետությունը։

​«Բազալտե արևը» պաշտոնապես ներառված է Հայաստանի Հանրապետության բնության պետական հուշարձանների ցանկում։

Այն պետական պաշտպանության տակ է առնվել ՀՀ Կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի որոշմամբ, որով հաստատվել է բնության հուշարձանների պաշտոնական ցանկը։

Հուշարձանի պահպանությունն ու վերահսկողությունն իրականացվում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից։

Այցելուների համար սա հիանալի վայր է՝ տեսնելու բնության երկրաբանական «ճարտարապետությունը» և վայելելու Արագած լեռան ստորոտի հզոր էներգետիկան։

​Կոորդինատներ. մոտավորապես՝ 40°23'24"N 44°13'36"E։