Բացահայտիր Արագածոտնը- Հարթավան

Հարթավան գյուղը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում, Ապարան համայնքում, Շենավան գյուղի հարևանությամբ, Գեղարոտ գետի ձախափնյակում: Հեռավորությունը մարզկենտրոնից կազմում է 14 կմ հյուսիս-արևելք, իսկ բարձրությունը ծովի մակերևույթից 1870 մետր է:
Հարթավանի բնակչության նախնիները գաղթել են Ալաշկերտից: Գյուղի բնակիչներն աչքի են ընկնում իրենց աշխատասիրությամբ, հյուրընկալությամբ և հայրենասիրությամբ, իսկ հիմնական զբաղմունքը անասնապահությունը, թռչնաբուծությունը, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությունն է:
Գյուղն ու շրջակայքը աչքի են ընկնում հարուստ պատմամշակութային ժառանգությամբ․ այստեղ են գտնվում Սուրբ Գրիգոր եկեղեցին (1861 թ.), XIII դարի «Թուխ Մանուկ» և VII դարի «Շեկ Ավետարան» մատուռները, ինչպես նաև Հարթավանից 4-5 կմ արևելք գտնվող Աստվածընկալ գյուղատեղին (XIX-XX դդ.)՝ իր համանուն եկեղեցական համալիրով (V-XIII դդ.), Սուրբ Աստվածածին (V-VI դդ.) և Սուրբ Նշան (Կաթողիկե, 1244 թ.) եկեղեցիներով, գյուղում կան նաև XIII դարի կիսավեր մատուռ ու գերեզմանոց:
Գյուղը հատկապես լայն ճանաչում և յուրահատկություն է ձեռք բերել իր հարավարևմտյան եզրին՝ բլրի վրա 1975 թվականին կառուցված Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված հարթավանցիներին նվիրված հուշահամալիրով, որի հեղինակն է հարթավանցի նշանավոր քանդակագործ Ռաֆիկ Գարեգինի Խաչատրյանը։
Այս հուշահամալիրը մտել է նախկին Խորհրդային Միության 100 լավագույն հուշակոթողային համալիրների շարքին, ինչպես նաև դրվագ է պատկերված «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանում»: Հարթավանում է ծնվել նաև հանրահայտ քանդակագործ Ռաֆիկ Խաչատրյանը:
Տեղակայումը՝ Հայաստան, Արագածոտնի մարզ, Ապարան համայնք, Հարթավան գյուղ
Կոորդինատները
40°28′41″N 44°24′2″E