Բացահայտիր Արագածոտնը․ Փարփիի Սուրբ Թարգմանչաց եկեղեցին

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը․ Փարփիի Սուրբ Թարգմանչաց եկեղեցին

Արագածոտնի մարզի Փարփի գյուղի հյուսիսարևմտյան մասում՝ բարձրադիր բլրի վրա, վեր է հառնում հայկական միջնադարյան ճարտարապետության եզակի գոհարներից մեկը՝ Սուրբ Թարգմանչաց եկեղեցին։

​Թեև եկեղեցին չունի պահպանված շինարարական արձանագրություն, ճարտարապետական առանձնահատկությունների, հորինվածքի և մասնագիտական ուսումնասիրությունների հիման վրա (Թորոս Թորամանյան, Մուրադ Հասրաթյան, Արմեն Ղազարյան, Վահագն Գրիգորյան ) այն միանշանակ թվագրվում է 7-րդ դարի երկրորդ կեսով։ Եկեղեցու անվանումը կապված է մեր Սուրբ Թարգմանիչների հետ։ Թեև ժողովրդական ավանդությունը տաճարի հիմնադրումը հաճախ կապում է պատմիչ Ղազար Փարպեցու անվան հետ, պատմագիտական փաստերը վկայում են, որ այն նվիրված է համայն թարգմանչաց շարժմանն ու սրբերին։

​Սուրբ Թարգմանչաց եկեղեցին ներքուստ և արտաքուստ խաչաձև, կենտրոնագմբեթ փոքր կառույց է, որն աչքի է ընկնում իր բացառիկ ու շքեղ քանդակներով։ Որմնասյուների, խոյակների և լուսամուտանցքերի շուրջ առկա են բուսական և երկրաչափական մանրակրկիտ մշակված նախշեր, վարդյակներ ու վեցաթև աստղեր։ Արևելյան ճակատին պահպանվել են միմյանց նայող երկու թռչունների և թևավոր խաչի նուրբ քանդակները։ Եկեղեցին ներսից պատված է եղել վաղմիջնադարյան որմնանկարներով։

​Եկեղեցին ակտիվ գործել և հոգևոր կենտրոն է հանդիսացել առնվազն մինչև 14-րդ դարը։ 11-12-րդ դարերում և հետագա շրջաններում կատարվել են վերակառուցման ու ամրացման աշխատանքներ։ Տաճարի շրջակայքում պահպանվել են վաղմիջնադարյան քառակող կոթողներ, պատվանդաններ և 5-7-րդ դարերին վերագրվող խաչակալներ։ 2008 թվականին իրականացված պեղումների ընթացքում տարածքում բացվել են նաև դամբարաններ ու տապանաքարեր։ 2000-ական թվականներին ճարտարապետ Աշոտ Հովսեփյանի նախագծով և բարերարների աջակցությամբ իրականացվել են եկեղեցու վերականգնման ու տարածքի բարեկարգման աշխատանքները։

​ Տեղակայումը՝ ՀՀ Արագածոտնի մարզ, Աշտարակ համայնք, Փարփի գյուղ

Կոորդինատները՝ 40°19'46"N 44°18'26"E (40.32944, 44.30722)