Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվեն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը և ՄԱԶԾ Նորարարության և կայուն զարգացման նպատակների ֆինանսավորման պորտֆելի ղեկավար Տիգրան Ճորոխյանը Դիլիջանում հանդիպել են «Մասսայական ուսուցում» ծրագրի մասնակիցներին։
Ծրագիրն անցկացվում է նախարարության և ՄԱԶԾ-ի համագործակցությամբ՝ «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» նախաձեռնության շրջանակում: Այս դասընթացը կրում էր «Ապագայի հմտություններ» խորագիրը և կազմակերպվել էր «8.18 Քոնսալթինգ»-ի կողմից:
Ողջունելով ներկաներին՝ նախարար Թադևոսյանը կարևորել է տեխնոլոգիական գիտելիքների հասանելիությունը Հայաստանի բոլոր մարզերում՝ շեշտելով, որ յուրաքանչյուր երիտասարդ պետք է հնարավորություն ունենա բացահայտելու իր ներուժը՝ կյանքի կոչելու նոր գաղափարներ և իր ներդրումն ունենալու երկրի տեխնոլոգիական զարգացման գործում։

Այդ ներուժի բացահայտմանն ու զարգացմանն ուղղված աջակցության կարևորությունն է ընդգծել ՄԱԶԾ Նորարարության և ԿԶՆ ֆինանսավորման պորտֆելի ղեկավար Տիգրան Ճորոխյանը՝ ընդգծելով ԱԲ և տեխնոլոգիական գործիքների, ձեռնարկատիրական մտածողության ու համագործակցային հմտությունների միջոցով նոր արժեք ստեղծելու և շարունակական առաջընթաց գրանցելու հնարավորությունները:
Դասընթացի ընթացքում խաղերի և հատուկ վարժությունների միջոցով մասնակիցները զարգացրել են ԱԲ արդյունավետ հրահանգման (AI prompting) իրենց հմտությունները, իսկ գործնական հատվածում ծանոթացել ԱԲ գործիքներով պատկերներ և տեսանյութեր ստեղծելու հնարավորություններին։
Ծրագրի շրջանակում Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում անվճար դասընթացներ կանցկացվեն մինչև նոյեմբերի 30-ը՝ ընդգրկելով ավագ դպրոցականների, երիտասարդների, 30-40 տարեկան կանանց, սոցիալական և ընտանեկան նպաստառուների, փախստականների և հանրային ծառայողների: