Բացահայտիր Արագածոտնը - Դրաստամատ Կանայանի գերեզման-դամբարանը
· Ապարան

Դրաստամատ Կանայանի (Դրոյի) գերեզման-դամբարանը պատմամշակութային և զինվորական հուշարձան է, որն ունի հանրապետական նշանակության կարգավիճակ և ընդգրկված է Ապարան քաղաքի պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Կառույցն ունի յուրահատուկ բուրգի տեսք, պատրաստված է բազալտից և իր բարձր դիրքի շնորհիվ հստակ տեսանելի է շրջակայքից: Բուրգի երկու կողմերում առկա են հայատառ գրություններ. հյուսիս-արևելյան հատվածում պատկերված է խաչ, որի ներքևում մեծ տառերով փորագրված է «ԴՐՈ», իսկ հարավ-արևմտյան կողմում գրված է Դրաստամատ Կանայանի անունը, ծննդյան ու մահվան թվականները, ինչպես նաև նրա զինվորական համառոտ կենսագրությունը:
Հուշարձան-դամբարանում ամփոփված է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորավար, ֆիդայի, վրիժառու, Առաջին Հանրապետության հիմնադիրներից և ռազմական նախարար Դրաստամատ Կանայանի աճյունը:

Դրոն ծնվել է 1883 թվականի մայիսի 31-ին Ռուսական կայսրության Երևանի նահանգի Իգդիր քաղաքում: Երիտասարդ տարիքում նա հայ ֆիդայիների հետ մասնակցել է հայ-թաթարական կռիվներին: 21 տարեկանում իրականացրել է վրիժառուական գործողություններ հայ բնակչության զանգվածային կոտորածների համար մեղավոր անձանց նկատմամբ՝ սպանելով Բաքվի նահանգապետ իշխան Նակաշիձեին և աղբյուրներում հիշատակվող գեներալ Ալեքսանդրո Ալեխանդրո-Արվանսկուն: Քեռու ընդհանուր հրամանատարությամբ Դրոն կազմակերպել է Նախիջևանի լեռնային հատվածների ինքնապաշտպանությունը, մասնակցել Զանգեզուրի ինքնապաշտպանական կռիվներին: 1914 թվականին սկսված Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, որպես հայկական կամավորական 2-րդ գնդի հրամանատար, մասնակցել է Իգդիր – Բայազետ – Բերկրի – Վան ուղղության ռազմագործողություններին, իսկ 1915 թվականին իր զորագնդով մտել Վան: 1918 թվականի մարտին Հայոց ազգային խորհրդի կողմից նշանակվել է Հայոց բանակային կորպուսի ռազմական կոմիսար:
1918 թվականի մայիսի 23-27-ին Դրոն ստանձնել է Ապարանի ճակատամարտի հրամանատարությունը: Այդ օրհասական օրերին նա կարողացել է ոչ միայն կասեցնել թուրքական 13,000-անոց զորաբանակի առաջխաղացումը դեպի Երևան, այլև ջախջախիչ հարված հասցնել թշնամուն: 1918 թվականին, երբ Լոռու և Ախալքալաքի գավառների պատկանելիության հարցում Վրաստանը հակասության մեջ մտավ Հայաստանի հետ, Դրոյի հրամանատարությամբ հայկական զորքերը հայ-վրացական պատերազմի ընթացքում ազատագրեցին Լոռին: 1919 թվականից նա մասնակցել է հայ-ադրբեջանական կռիվներին, նշանակվել Զանգեզուր-Ղարաբաղի ռազմական ուժերի ընդհանուր հրամանատար, որտեղ նրա ղեկավարությամբ կռվում էին Նժդեհի, Յապոնի, Տաթևացի Վարդանի, Արտեմ Խանզադյանի և այլոց մարտական ուժերը: 1920 թվականի ապրիլին Դրոյի հրամանատարությամբ էքսպեդիցիոն զորագունդը մտել է Շուշի՝ նպաստելով Արցախի մի մասի ազատագրմանը: 1920 թվականի աշնանը ղեկավարել է Սուրմալուի ճակատամարտը: Հայաստանի Խորհրդայնացումից հետո՝ 1920–1921 թվականներին, Դրոն եղել է Խորհրդային Հայաստանի բանակի հրամանատարը: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, գտնվելով Եվրոպայում, համագործակցել է նացիստական Գերմանիայի ղեկավարության հետ՝ նպատակ ունենալով փրկել Եվրոպայի հայությանը: Պատերազմից հետո ապրել է ԱՄՆ-ում և Լիբանանում, մահացել է 1956 թվականին Բոստոնում: 2000 թվականի մայիսի 28-ին, իր պատգամի համաձայն, Դրոյի աճյունն ամփոփվել է հայրենիքում:
Տեղակայումը՝ Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզ, քաղաք Ապարան, «Վերածնունդ» հուշահամալիրի տարածքում (1915 թ. Հայոց ցեղասպանության, 1918 թ. Ապարանի ճակատամարտի հերոսների և Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված ապարանցիների հիշատակին նվիրված եռակոթողից շուրջ 100 մ դեպի արևմուտք):
Կոորդինատները՝ 40°35'59.82"N 44°20'52.94"E: