Առաջիկա կիրակի ՀՀ-ում ՏԻՄ ընտրություններ են․ խոշոր համայնքերում որ ուժերը կպայքարեն իրար դեմ

Ընտրությունների հիմնական մրցակցությունը կծավալվի այն համայնքներում, որտեղ ներկայացված են մի քանի քաղաքական ուժեր։ Օրինակ՝ Ստեփանավանում պայքարելու են հինգ կուսակցություններ, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ուժեղ Հայաստանը» և «Հայրենիք» կուսակցությունը։ «Ուժեղ Հայաստանը» ՏԻՄ ընտրություններին մասնակցում է միայն Ստեփանավան համայնքում, ի դեպ հարկ է նկատել, որ այսօր առավոտյան ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը:
Գորիսում ՔՊ-ի և «Գործարար» կուսակցության ձևավորած «Համերաշխություն» դաշինքին կմրցի «Ապրելու քվե» դաշինքը, որի կազմում են «Ապրելու երկիր» և «Հայկական քվե» կուսակցությունները։ «Համերաշխություն» դաշինքի ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ Առուշ Առուշանյանը։ Միաժամանակ Տաթևի և Տեղի գործող համայնքապետերն այս ընտրություններին չեն առաջադրվել։
Գավառում ևս պայքարը կծավալվի մի քանի քաղաքական ուժերի միջև։ Այստեղ «Հայկական քվե» կուսակցությունը հանդես է գալիս «Համերաշխություն» դաշինքի կազմում, իսկ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է 2008 թվականից համայնքը ղեկավարող Գուրգեն Մարտիրոսյանը։
Մարտունիում ընտրություններին մասնակցում են ՔՊ-ն, ՀՅԴ-ն, «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Մեր համայնք» դաշինքը։ ՀՅԴ-ն և ՔՊ-ն մրցելու են նաև Հրազդանում, Ծաղկաձորում և Արտաշատում։
Հարկ է նկատել, որ մի շարք համայնքներում ՔՊ-ի ընտրացուցակները գլխավորում են համայնքների գործող կամ նախկին ղեկավարներ։ Մեղրիում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է գործարար Սերգո Գալստյանը։ Գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորված է և մեղադրվում է կաշառքի գործով։ Այստեղ առաջադրվել են նաև «Ապրելու երկիր», «Հայաստանի եվրոպական կուսակցություն» և «Հայաստանի շնորհապետական կուսակցություն» ուժերը։ Նրանց թվում են Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Մարտունու համայնքապետ Հովիկ Հովեյանը և Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը։
Կարևոր է արձանագրել, որ այս ընտրություններն անցկացվում են նաև վարչատարածքային փոփոխությունների պայմաններում։ Վայոց ձորի մարզում միավորվել են Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները, Սյունիքում՝ Գորիսը, Տաթևն ու Տեղը, իսկ Լոռու մարզում՝ Ստեփանավանը, Լոռի Բերդն ու Գյուլագարակը, հետևաբար՝ հոկտեմբերի 25-ի ընտրություններից հետո համայնքների թիվը կնվազի ևս վեցով։