ՏԻՄ ընտրություններ 2026. ինչու է նվազել ընդդիմության մասնակցությունը

Հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին մի շարք համայնքներում ընդդիմադիր ուժեր չեն մասնակցում։ Որոշ համայնքներում էլ մասնակից ուժերի թիվը նվազել է։ 2026-ի խորհրդարանական ընտրություններում իշխող ուժից հետո առավել շատ քվե ստացած ընդդիմադիր ուժը՝ «Ուժեղ Հայաստանը», ՏԻՄ ընտրություններին ներկայացված է միայն Ստեփանավանում։ Ինչո՞վ են ընդդիմադիր ուժերը բացատրում իրենց մասնակցության սահմանափակումը, և ի՞նչ են ցույց տալիս նախորդ ընտրությունների օրինակները։
2026-ին Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են նշանակված ընդհանուր 41 համայնքում։ Սեպտեմբերի 27-ին ընտրություններ արդեն անցկացվել են չորս համայնքում։ Հոկտեմբերի 25-ին դրանք կանցկացվեն 21, նոյեմբերի 29-ին՝ 12, իսկ դեկտեմբերի 13-ին՝ ևս չորս համայնքում։
Հոկտեմբերի 25-ի ընտրություններից 19-ը կանցկացվեն համամասնական, երկուսը՝ մեծամասնական ընտրակարգով։
2021 և 2026 թվականների ՏԻՄ համամասնական ընտրությունների համեմատությունը ցույց է տալիս, որ ուսումնասիրված 19 համայնքներից 11-ում նվազել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի թիվը։ Եթե 2021-ին միայն մեկ համայնքում՝ Արմավիրում էր ընտրություններին մասնակցում միայն «Քաղաքացիական պայամանագիրը», ապա այս տարի նման իրավիճակ է նաև Վարդենիսում, Գառնիում, Ախուրյանում և Վայքում։
Իսկ Արտաշատում, օրինակ, մասնակցող ուժերի թիվը վեցից նվազել է երեքի, Մարտունիում՝ վեցից չորսի, Հրազդանում՝ չորսից երկուսի, Արթիկում՝ վեցից չորսի։ Ստեփանավանը միակ համայնքն է ուսումնասիրվածների շարքում, որտեղ մասնակից քաղաքական ուժերի թիվն աճել է՝ երեքից հասնելով չորսի։
Հոկտեմբերի 21-ի դրությամբ՝ տարբեր ուժերի 28 թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել։
Ի՞նչ են ասում ընդդիմադիր ուժերը
«Հայաստան» դաշինքից Հայ հեղափոխական դաշնակցությունը ընտրություններին առանձին մասնակցում է չորս համայնքում՝ Արտաշատում, Մարտունիում, Ծաղկաձորում և Հրազդանում, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ միայն Ստեփանավանում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է, որ ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ցուցակներում ընդգրկվող անձանց նկատմամբ ճնշումներ են գործադրվում՝ նրանց առաջադրումից հետ պահելու նպատակով։ «Դժվարությամբ եմ հիշում այսպիսի պրակտիկա»,- նշում է Վարդանյանը։
Նրա խոսքով՝ ճնշումները ներառում են թեկնածուների ընտանիքի անդամներին սպառնալու, հարազատների նկատմամբ ճնշումներ գործադրելու, ինչպես նաև նրանց աշխատանքին առնչվող խնդիրներ ստեղծելու դեպքեր։
Միևնույն ժամանակ Վարդանյանը ՀՅԴ-ի մասնակցությունը ներկայացնում է որպես քաղաքական պայքարը շարունակելու և ունեցած դիրքերը պահպանելու միջոց։
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը Ստեփանավանի ընտրություններին մասնակցությունը ներկայացնում է որպես լայն քաղաքական պայքարի սկիզբ։ Նա նշում է, որ քաղաքական ուժը մտադիր է մասնակցել նաև առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ ավելի մեծ համայնքներում։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հոկտեմբերի 16-ի ասուլիսում նշել էր՝ իրենց ուժին անհրաժեշտ է նաև կազմակերպչական փորձ ձեռք բերել։
«Ապրելու երկիր» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններին մասնակցում է վեց համայնքում։ Կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ տարբեր համայնքներում ճնշումների են ենթարկվել նաև իրենց թիմակիցները։
Նրա պնդմամբ՝ որոշ դեպքերում ճնշումները վերաբերել են թեկնածուներին, նրանց ընտանիքի անդամներին կամ հարազատներին։
«Կարող է ինչ-որ տեղ աշխատեն, այդ մարդկանց նկատմամբ որոշակի ճնշումներ եղել են, մարդիկ կան՝ ինքնաբացարկ են հայտնել։ Մեծ հաշվով, իշխանությունը իր վարչական ռեսուրսները շարունակում է կիրառել, մարդկանց վախեցնել, տարբեր միջոցներով փորձել ընտրապայքարից դուրս հանել»,- ասում է Առաքելյանը։ Նա հավելում է, որ նման դեպքեր կուսակցության համար նորություն չեն։
Առաքելյանի խոսքով՝ «Ապրելու երկիրը» կարևոր է համարում մարզերում քաղաքական թիմեր ձևավորելն ու բնակիչների կողքին լինելը՝ անկախ ընտրությունների հնարավոր արդյունքներից։Ընդդիմադիր ուժերի՝ ճնշումների վերաբերյալ պնդումներին զուգահեռ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 20-ին ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների ենթարկվելու դեպքում անձամբ դիմել իրեն՝ էլեկտրոնային փոստով։ Նա խոստացել է, որ տեղեկությունների հիմնավորվելու դեպքում նման գործողությունների հեղինակ պաշտոնյաները հրապարակային կպատժվեն։
Ստեփանավան․ ձերբակալություններ՝ ՏԻՄ ընտրություններից չորս օր առաջ
Հոկտեմբերի 21-ին՝ ՏԻՄ ընտրություններից չորս օր առաջ, Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց Ստեփանավան համայնքում 14 անձի ձերբակալության մասին։ Կոմիտեն նշում է, թե փաստական տվյալներ են ձեռք բերվել «Ուժեղ Հայաստանի» համամասնական ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանի կողմից ընտրակաշառք տալու վերաբերյալ։
Ըստ կոմիտեի՝ Գևորգյանը, ավագանու թեկնածուների և կուսակցության օգտին գործող այլ անձանց աջակցությամբ տասնյակ ընտրողների ընտրակաշառք է տվել։ Մինչ այդ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում խուզարկություններ են իրականացվել։ Կուսակցությունը տեղի ունեցածը ներկայացրել է որպես քաղաքական հետապնդում՝ պնդելով, որ օգտագործվել են թաքնված տեսախցիկներով արված և մոնտաժված տեսագրություններ։
Ստեփանավանում հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններում ամենաշատ ձայնը ստացել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ առաջ անցնելով իշխող «Քաղաքացիական պայմանագրից»։ Դաշինքը ստացել էր 42, 65 տոկոս ձայն։ Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը ծնունդով Ստեփանավանին մոտ գտնվող Տաշիր քաղաքից է։
Այս ձերբակալություններին նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 20-ի հայտարարությունը։ Նա պետական և համայնքային պաշտոնյաներին կոչ էր արել կանխել ՏԻՄ ընտրություններում վարչական լծակների կիրառումն ու ճնշումները։ Փաշինյանը զգուշացրել էր, որ ժողովրդավարության և օրենքի խախտումներին հաջորդելու է անհամաչափ խիստ արձագանք։
Նախորդ ընտրությունների փորձը․ ձերբակալություններ՝ հաղթանակից առաջ կամ հետո
Նախորդ ՏԻՄ ընտրությունների օրինակները ցույց են տալիս, որ ընդդիմադիր ուժերի ստացած քվեները միշտ չէ, որ վերածվել են համայնքներում կայուն իշխանության։ Որոշ դեպքերում համայնքի ղեկավարի ընտրությունը ձգձգվել է, որոշ դեպքերում եղել են կալանավորումներ, դատական քաշքշուկներ։
Վանաձոր
2021-ի դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում Վանաձորում առավել շատ քվեներ ստացել էր Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքը՝ 38,7 տոկոս։ ՔՊ-ն ստացել էր 25 տոկոս, իսկ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ 14,5 տոկոս։
Դեկտեմբերի 15-ին՝ համայնքի ղեկավարի ընտրությունից մեկ օր առաջ Ասլանյանը ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը դատարանը նրա նկատմամբ կալանք կիրառեց։ Նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ։
Համայնքում երկար ժամանակ ղեկավար չընտրվեց, իսկ 2022-ի մայիսին օրենսդրական փոփոխություններից հետո վարչապետը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց Արկադի Փելեշյանին։ Առ այսօր Վանաձորը ընտրված համայնքապետ չունի։
Վարդենիս
2021-ի դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո Վարդենիսում ընդդիմադիր «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» ուժերը միասին ստացել էին ավագանու 14 մանդատ, իսկ ՔՊ-ն՝ 13։
Դեկտեմբերի 9-ին ձերբակալվեց «Միասնական Վարդենիս» ուժի առաջնորդ, համայնքի նախկին ղեկավար Արամ Հարությունյանը։ Նրան մեղադրանքներ էին առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, խարդախության և պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ։
Դեկտեմբերի 30-ին համայնքի ղեկավար ընտրվեց Ահարոն Խաչատրյանը։ ՔՊ-ի ավագանու անդամները չմասնակցեցին քվեարկությանը՝ դեմ լինելով ընդդիմադիր երկու դաշինքների միավորմամբ համայնքի ղեկավար ընտրելուն։ Ավելի ուշ նրանք դատարանում վիճարկեցին ավագանու՝ Ահարոն Խաչատրյանին համայնքի ղեկավար ընտրելու մասին որոշումը։
Դատարանը մասնակի բավարարեց հայցը՝ անվավեր ճանաչելով ավագանու որոշումը, սակայն չվիճարկեց ընտրության արդյունքները։ 2022-ի մարտի 16-ին ընդդիմադիր խմբակցությունները նոր նիստ հրավիրեցին և Խաչատրյանին կրկին ընտրեցին համայնքի ղեկավար։Վարդենիսում այս տարի միայն «Քաղաքացիական պայմանագիրն» է մասնակցում։Ալավերդի2022-ի սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում Ալավերդիում ՔՊ-ն և «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել էին հավասար՝ 13-ական մանդատ, իսկ մեկ մանդատ ստացել էր Հայ ազգային կոնգրեսը։ «Ապրելու երկիրը» կոալիցիա կազմեց ՀԱԿ-ի հետ, և համայնքի ղեկավար ընտրվեց Արկադի Թամազյանը։
2023-ի դեկտեմբերին ավագանին անվստահություն հայտնեց Թամազյանին, և համայնքի ղեկավար ընտրվեց ՔՊ-ի թեկնածու Դավիթ Ղումաշյանը։ Իշխանափոխությանը նախորդել էր «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Սիմոն Զախարովի՝ խմբակցությունից դուրս գալը և ՔՊ-ին միանալը, ինչը փոխել էր ավագանու ուժերի հարաբերակցությունը։
Թամազյանն ու «Ապրելու երկիրը» գործընթացը վիճարկեցին՝ այն համարելով անօրինական, մինչդեռ ՔՊ-ն պնդում էր, որ գործել է օրենքի շրջանակում։
Բերդ
2022-ի սեպտեմբերի 25-ի ընտրություններում Բերդում «Զորավոր համայնք» դաշինքը ստացավ ավագանու մանդատների մեծամասնությունը։ ՔՊ-ն ստացավ ութ մանդատ, իսկ «Արժանապատիվ սերունդը»՝ երկու։
Ընտրություններից առաջ դաշինքի առաջնորդ, համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը կալանավորվել էր։ Ընտրություններից հետո դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին իրենց նկատմամբ ճնշումների մասին, իսկ ցուցակի անդամ Սամվել Հովսեփյանը ևս կալանավորվեց։ Չնայած դրան՝ դաշինքին հաջողվեց համայնքի ղեկավար ընտրել Աստղիկ Հակոբյանին։
Գյումրի
Գյումրիում 2025-ի մարտի 30-ի արտահերթ ընտրություններում ՔՊ-ն ստացել էր ամենաշատ ձայները՝ 35,47 տոկոս և ավագանու 14 մանդատ։ Վարդան Ղուկասյանի գլխավորած Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ստացել էր 18,41 տոկոս՝ 8 մանդատ։ Ընդդիմադիր մյուս չորս ուժերը հայտարարեցին Ղուկասյանին աջակցելու պատրաստակամության մասին և նրան ընտրեցին քաղաքապետ։
Նույն տարվա հոկտեմբերին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց Ղուկասյանի և ևս յոթ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և նրանց ձերբակալելու որոշումների մասին՝ կաշառք պահանջելու և ստանալու վերաբերյալ գործի շրջանակում։ Դատարանը Ղուկասյանի նկատմամբ կալանք կիրառեց։ Ղուկասյանի պաշտպանական կողմը գործը որակել է քաղաքական հետապնդում․ սա կողմի դիրքորոշումն է, ոչ թե հաստատված փաստ։
Նախընտրական և հետընտրական շրջանում ձերբակալություններ
2026-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում և դրանից հետո ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների ու առաջնորդների նկատմամբ մի շարք քրեական վարույթներ հարուցվեցին, եղան ձերբակալություններ և կալանավորումներ։
Ընտրակաշառքի ենթադրյալ դեպքերի առնչությամբ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեցին «Ուժեղ Հայաստան»-ի անդամներ ու թեկնածուներ։ «Ուժեղ Հայաստանից» Գոհար Մելոյանը նշել էր, որ նախընտրական շրջանում ձերբակալվել են կամ բերման են ենթարկվել իրենց քաղաքական ուժի շուրջ 700 ներկայացուցիչ։
Իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն հունիսի 9-ին նշել էր, որ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ։
Ձերբակալությունները չսահմանափակեցին նախընտրական շրջանով։ Ընտրություններից մոտ մեկ ամիս անց ձերբակալվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, իսկ օգոստոսին՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։