Կարգալույծ հռչակված քահանաները ևս պարտվեցին Եկեղեցուն. հոգևոր հովվի պաշտոնում վերականգնելու գործերը կարճվել են. Factor. am

· Արագածոտն

Կարգալույծ հռչակված քահանաները ևս պարտվեցին Եկեղեցուն. հոգևոր հովվի պաշտոնում վերականգնելու գործերը կարճվել են. Factor. am

Սուրբ Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվ Ստեփան Ասատրյանին (Տեր Արամ քահանա Ասատրյան) և Թալինի եկեղեցու նախկին հոգևոր հովիվ  Արամայիս Թախմազյանին (Տեր Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցերը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չեն։ Քաղաքացիական դատարանի երկու դատավորներն էլ  որոշում են կայացրել այդ հիմքով կարճել վարույթները։ Հիշեցնենք՝ նախկին քահանաներն առաջիններից էին, որ միացան վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից «եկեղեցու բարենորոգման» շարժմանը, ինչից հետո կաթողիկոսի տնօրինությամբ նրանք կարգալույծ հռչակվեցին։    Փետրվարի սկզբին կարգալույծ հռչակված քահանաներ Ստեփան Ասատրյանը (Տեր Արամ քահանա) և Արամայիս Թախմազյանը (Տեր Թադե քահանա) հայցադիմումներ էին ներկայացրել ընդդեմ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու։ Նրանք պահանջում էին անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությունները և իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնում։ Մասնավորապես, Ստեփան Ասատրյանը պահանջել էր անվավեր ճանաչել կաթողիկոսի 2025 թ. հոկտեմբերի 21-ի տնօրինությունը իրեն կարգալույծ հռչակելու մասին և վերականգնել Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում, իսկ Արամայիս Թախմազյանը պահանջել էր անվավեր ճանաչել կաթողիկոսի 2025 թ. դեկտեմբերի 2-ի հայրապետական տնօրինությունը Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ․ Թադե քահանա Թախմազյանին կարգալույծ հռչակելու մասին և որպես հետևանք իրեն վերականգնել հոգևոր հովվի պաշտոնում: Հայցերը վարույթ էին ընդունվել և մակագրվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Հովհաննես Մելքոնյանին և Սիմա Աբովյանին: Ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի, դատական ակտերը պետք է հրապարակվեին դեռ օգոստոսին, սակայն երկուսն էլ համակարգում տեղադրվեցին միայն երեկ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյան) գործով կարճման մասին որոշման հրապարակվելուց հետո։ Սարոյանի դեպքում ևս պետք է որոշումը լիներ օգոստոսին։ Ըստ գործի նյութերի՝ նախկին Տեր Արամ քահանա Ստեփան Ասատրյանը դատարանին հայտնել էր, որ 2019 թվականից հոգևոր ծառայություն է իրականացրել, և նույն տարվա սեպտեմբերից ծառայել Սուրբ Հովհաննավանքում՝ որպես հոգևոր հովիվ։ Նրա պնդմամբ՝ ծառայության ընթացքում իր պարտականությունները կատարել է պատշաճ, և որևէ հիմք չի եղել իրեն կարգալույծ հռչակելու համար։ Հայցվորը նշել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 21-ին առանց նախազգուշացման, բավարար հիմնավորման և պատշաճ ընթացակարգերի պահպանման՝ իրեն կարգալույծ են հռչակել։ Նրա գնահատմամբ՝ հոգևոր հովվի պաշտոնից ազատելու որոշումը չէր կարող կամայական լինել, իսկ իրեն վերագրված արարքները պետք է հաստատվեին կոնկրետ փաստերով։ ՀԱԵ-ին դատարան ներկայացրած իր դիրքորոշման մեջ նշել էր, որ Ասատրյանը եկեղեցուն, թեմակալ առաջնորդին և ծառայակից հոգևորականներին հրապարակային հայտարարություններով վարկաբեկել է, թեմակալ առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ անտեսել, պատարագների ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակությունը կամայականորեն բաց թողել, ինչպես նաև կարգապահական հանձնախմբի նիստերին ներկայանալուց հրաժարվել։ Հայ Առաքելական եկեղեցու փաստաբանները դատարանին խնդրել էին կարճել վարույթը, պատճառաբանելով՝ հոգևորականին ձեռնադրելը, կարգալույծ հռչակելը, հոգևոր պաշտոնների նշանակելն ու ազատելը եկեղեցու ներքին գործերն են, և պետությունը չի կարող միջամտել դրանց։ Նույնանման հիմքեր նշվել էր նաև Տեր Թադե Թախմազյանի՝ Արամայիս Թախմազյանի գործով։ Ըստ դատարան ներկայացված դիրքորոշման՝ 2015 թվականից ամուսնացյալ քահանա ձեռնադրվելուց հետո, ինքը պատշաճ կերպով է կատարել հոգևոր ծառայության իր պարտականությունները, և իր ծառայության ընթացքում չի եղել որևէ հանգամանք, որը կարող էր հիմք դառնալ կարգապահական պատասխանատվության համար։ Ըստ նախկին հոգևորականի՝ իրեն կարգալույծ են հռչակել առանց նախազգուշացման, բավարար հիմնավորման և պատշաճ ընթացակարգերի պահպանման։ Նրա խոսքով՝ համապատասխան տնօրինությունը չի ստացել և դրա մասին տեղեկացել է լրատվամիջոցներից։ Թախմազյանի դիրքորոշմամբ՝ եկեղեցու ինքնակառավարման իրավունքը չի նշանակում, որ այն կարող է անտեսել հոգևորականների իրավունքներն ու օրինական շահերը։ Նա պնդել է, որ խախտվել են նաև իր կրոնի ազատության և դատական պաշտպանության իրավունքները, քանի որ կարգալույծ հռչակվելու հետևանքով զրկվել է հոգևոր հովվի պաշտոնում ծառայությունը շարունակելու հնարավորությունից։ Ինչպես Ասատրյանի վարույթի դեպքում, այնպես էլ այս գործով, ՀԱԵ-ն ընդգծել է, որ հոգևորականին ձեռնադրելը, կարգալույծ հռչակելը, հոգևոր պաշտոնների նշանակելն ու ազատելը եկեղեցու ներքին գործերն են, և պետությունը չի կարող միջամտել դրանց։ Դատարանները որոշել են նախկին երկու հոգևորականների գործերն էլ կարճել։ Ըստ դատավորների որոշումների եզրափակիչ մասի՝ Ասատրյանի, Թախմազյանի և եկեղեցու միջև հարաբերությունները վերաբերում են Եկեղեցու ներքին կյանքին և կարգավորվում են կանոնական իրավունքով։ Դատարանների գնահատմամբ՝ ներկայացված հայցերով ընտրված իրավական պաշտպանության եղանակը բացակայում է, և ինչպես Ասատրյանի, այնպես էլ Թախմազյանի պահանջը չի բխում օրենքով պաշտպանվող այնպիսի իրավահարաբերությունից, որը կարող է լուծվել քաղաքացիական դատավարության կարգով։ Դատարանները նաև վերացրել են ավելի վաղ կիրառված հայցի ապահովման միջոցները, ըստ որի՝ եկեղեցին և այլ անձինք պարտավորվել էին մինչև գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը չխոչընդոտել նախկին հոգևորականների պաշտոնավարմանը հոգևոր հովվի պաշտոնում։ Հիշեցնենք՝ երեկ կարճվել էր նաև Մասյացոտնի թեմի կարգալույծ հռչակված առաջնորդ Արման Սարոյանի (Գևորգ եպիսկոպոս Սարոյան) հայցն ընդդեմ Հայաստանյաց Առաքելական եկեղեցու։ Որոշումը կայացրել էր Քաղաքացիական դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, պատճառաբանելով՝ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության, իսկ Սարոյանի և Եկեղեցու միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունն ապացուցված չէ։ Նախկին հոգևորականն արդեն հայտարարել է, որ որոշումը բողոքարկելու է։