Կարգալույծ Ստեփանը և Արամայիսը անլուրջ են, նրանց նյութամոլությունից օգտվեցին․ մեղավորը Փաշինյանն է

Դատարանի կողմից սխալ էր այդ հայցերը վարույթ ընդունելը, դրանք ապօրինի հայցեր էին։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը՝ անդրադառնալով նախկին հոգևորականներ Արամայիս Թախմազյանի և Ստեփան Ասատրյանի դատարան ներկայացրած հայցերին:
«Հետագայում իրենք երևի զգացին, որ այդ ամենը լուրջ հետևանքներ կունենա մեր պետության ապագայի համար։ Միջազգային կառույցները Հայաստանի Հանրապետությանը լուրջ չէին ընդունելու։ Դրա դասական և լկտի դրսևորումն էր, որ Լուկաշենկոն ու Ալիևը Փաշինյանին ծաղրում էին, ես դրանից չեմ ուրախացել։ Եթե դու քո երկրում բռնապետ ես, օրենք, ամեն ինչ հաշվի չես առնում և գնում ես միջազգային հարթակներ, քեզ արդեն լուրջ չեն ընդունում։ Ինքն անլուրջ վիճակում է և դատական համակարգը խայտառակում է։ Ո՞նց կարող է օրենսդիր մարմինը՝ Ազգային ժողովը, հանձնաժողով ստեղծի, կարելի է ասել՝ հանցախումբ ձևավորի և հակասահմանադրական հարցերով զբաղվի։ Այսինքն իր լիազորություններից դուրս է գալիս և մտնում Եկեղեցու իրավունքների մեջ։ Երկիրն այդպես դառնում է անլուրջ երկիր»,-ասաց Տեր Վրթանեսը։
Նա ընգծեց, որ աշխատանքային պայմանագրերը պետական հիմնարկներին են բնորոշ, իսկ եկեղեցում քահանաների նշանակումը կատարվում է Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ։
«Միջագային փորձ ունենք, որ տարբեր եկեղեցիների հոգևորականներ փորձել են աշխարհիկ դատարաններում նման հարցեր վիճարկել և միշտ էլ դատարանները դրանք որպես հայց չեն ընդունել։ Ցավում եմ այն բոլոր մարդկանց համար, որոնք տարբեր կոմպրոմատների ճնշման տակ են։ Հիմա կարող է ոմանց թվալ, թե մենք ուրախանում ենք, չարախնդում ենք, այս տիրադավների կամ կարգալույծների այսպիսի իրավիճակների համար, երբ իրենց օգտագործում և փողոց են նետում, բայց իրականում այդպես չէ։ Մենք բոլորի համար ցավում ենք։ Ես ինքս և՛ Ստեփանի, և՛ Արամայիսի համար ցավում եմ, չնայած՝ իրենք շատ անլուրջ պահվածք ունեն, առավել ևս Արման Սարոյանը, բացահայտ անլուրջ է։ Իրենք լավ գիտեն, որ այս հարցերն այսպես չեն լուծվում։ Փափուկ բարձեր են դրել իրենց գլխի տակ։ Իրենց ներքաշել են այս ապօրինի, հակասահմանադրական գործունեության մեջ և օգտվելով իրենց նյութամոլությունից, մարդկային թուլություններից օգտագործել են իրենց Մայր եկեղեցու, հոգևոր եղբայրների և Վեհափառ Հայրապետի դեմ։ Ցավում եմ իրենց համար։ Ասենք՝ ինչքա՞ն ամոթ էր Արամայիս Թոխմազյանի համար, որ մեր հաշվապահին զրպարտել էր, թե իբր իր կնոջ աշխատավարձը չի տալիս, իսկ դատարանը փաստեց, որ այդ աշխատավարձն ամեն ամիս փոխանցվել է»,-նշեց քահանան։
Տեր Վրթանեսն ընդգծեց, որ հատկապես դատարանի այս որոշումներից հետո իրավապահ մարմինների պարտականությունն է, որ կարգալույծ հոգևորականներին դուրս հանեն եկեղեցիներից։
«Իրականում հակառակն է տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով իրավապահ մարմիններն են հենց այդ վանքերը զավթել։ Այսինքն՝ պետական հովանարվորչություն կա։ Հովհաննավանքում, բացի Ստեփան Ասատրյանից կան երկու ուրիշ քահանաներ, ստացվում է, որ կարգալույծ քահանան նրանց իրավունքն էլ է խլել պետական հովանավորչությամբ։ Իրենք հայտնվել են օրենքից դուրս, հակաեկեղեցական վիճակում։ Ամոթ է այդ վիճակը, որում իրենք հայտնվել են, իրենք լավ գիտեն՝ եկեղեցին ձեռնադրությամբ այդ շնորհը տալիս է, կարգալուծությամբ այդ նույն շնորհը հետ է վերցնում։ Այդ պսակներն ու կնունքները, որոնք կանոնից դուրս արել են Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը, այդ զույգերը նորից պետք է օրհնվեն, այդ երխաները նորից պետք է կնքվեն, որովհետև իրականում իրենք ո՛չ պսակվել են, ո՛չ մկրտվել են»,-ասաց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
Նշենք, որ այս երկու կարգալույծ հոգևորականների ցուցմունքի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ։ Տեր Վրթանեսը նշեց, որ նրա նկատմամբ շատ խիստ սահմանափակումներ կան, նա զրկված է իր թեմակալ առաջնորդի պարտականությունները կատարելուց, իրավունք չունի հանդիպել քահանայաց դասի հետ։
«Իր ամբողջ գործունեությունը խաթարված է այս մեկ տարվա ընթացքում։ Նաև իրենց ցուցմունքների հիման վրա ամբողջ թեմի քահանաների տներն ապօրինի խուզարկեցին և մեր հոգևոր կյանքը խեղաթյուրեցին։ Այս ամենը մեկ մեղավոր ունի և այդ մեղավորը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է»,-նշեց Արագածոտնի թեմի քահանան։
Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանը և դատավոր Հ. Մելքոնյանը, կարճել են Արագածոտնի թեմի նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի վարույթները։ Երկու գործերով էլ դատարաններն ընդունել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավական դիրքորոշումը՝ հոգևորականին կարգալույծ հռչակելու հարաբերությունները կարգավորվում են Եկեղեցու ներքին՝ կանոնական իրավունքով և ենթակա չեն քաղաքացիական դատավարության կարգով քննության։
Հասմիկ Սարգսյան