ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

· Արագածոտն

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է ներկայացրել ՀՀ 10 մարզերի 21 բնակավայրերում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության ընթացքում ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդրի վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդրի մասին ահազանգել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրումն իրականացվել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։ Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քվեարկության մեկնարկի ժամանակ մի քանի տեղամասային ընտրական հանձնաժողովներում ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ, մասնավորապես՝ մինչև քվեաթերթիկին փակցնելը որոշ դեպքերում վնասվել է ինքնասոսնձվող դրոշմանիշի պաշտպանիչ շերտը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օպերատիվ ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր միջոցները և նման դեպքեր այլևս չեն կրկնվել:

ՏԸՀ նշանակված անդամների համար կազմակերպվող դասընթացների ժամանակ հատուկ պարզաբանվում և ցուցադրվում է դրոշմանիշների փակցման ճիշտ ձևը, որի պարագայում բացառվում է դրոշմանիշների պաշտպանիչ շերտի վնասումը»,- ասված է ԿԸՀ-ի տարածած պարզաբանման մեջ։