Ճանապարհային դեպարտամենտի աշխատակազմի ղեկավարը հետևել է Արագածոտնի մարզի ավտոճանապարհների ընթացիկ սպասարկման աշխատանքներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Սաթենիկ Թովմասյանը հիմնադրամի ճանապարհների պահպանման աշխատանքների համակարգման բաժնի պետ Գերասիմ Մարտիրոսյանի և ճանապարհների պահպանման աշխատանքների տարածքային ինժեներ Մովսես Ավագյանի հետ այցելել է Արագածոտնի մարզ՝ հետևելու մարզի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ սպասարկման աշխատանքներին։ Այս մասին հայտնում է դեպարտամենտը։
Տիկին Թովմասյանը հանդիպել է Արագածոտնի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունների ղեկավարների հետ։ Քննարկվել են ընթացիկ սպասարկմանը, ձմռան նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր։
Աշխատակազմի ղեկավարը շեշտել է, որ սպասարկման աշխատանքները կատարելիս պետք է խստորեն հետևել ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման ու կատարված աշխատանքների ընդունման կարգը սահմանող կառավարության N 1419-Ն որոշման պահանջներին։ Անդրադարձ է եղել ձմռանն ընդառաջ ձյուն մաքրող մեքենասարքավորումների տեխնիկական վիճակին, կապալառուների կողմից աղ-ավազի կուտակման գործընթացին և այլ հարցերի։
Սպասարկող ընկերությունների հետ հանդիպումները շարունակվում են մյուս մարզերում ևս։