Բացահայտիր Արագածոտնը-Արշակունիների թագավորական դամբարան (Աղձք)

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը-Արշակունիների թագավորական դամբարան (Աղձք)

«Աղձք» պատմամշակութային արգելոցի կազմում է գտնվում Արշակունիների թագավորական դամբարանը, որը հայկական միջնադարյան ճարտարապետության ամենաառանձնահատուկ հուշարձաններից է։

Այն անմիջականորեն առնչվում է հայոց պետականության պահպանման և ազգային ինքնագիտակցության կարևորագույն դրվագներից մեկին։

Կառուցվել է 4-րդ դարի երկրորդ կեսին՝ Արագած լեռան հարավային լանջին գտնվող Աղձք գյուղում։

Շինության ստեղծման պատմությունը հիշատակվում է Փավստոս Բուզանդի կողմից և կապված է 364 թվականի պարսկական արշավանքի հետ։

Պարսից Շապուհ Բ արքան, գրավելով Անի-Կամախ ամրոցը, բացել էր հայ Արշակունի թագավորների գերեզմանները՝ նպատակ ունենալով նրանց աճյունները տանել Պարսկաստան։

Ըստ ժամանակի հավատալիքների՝ թագավորների մասունքների հետ միասին երկրից հեռանում էր նաև նրանց «փառքն ու քաջությունը»։

Սակայն Վասակ Մամիկոնյան սպարապետը, հաղթելով պարսիկներին, հետ է խլում այդ մասունքները։

Քանի որ աճյունների մեջ կային թե՛ հեթանոս և թե՛ քրիստոնյա արքաներ, դրանք չէին կարող ամփոփվել եկեղեցու ներսում, ուստի կառուցվեց այս հատուկ դամբարանը։

​Ճարտարապետական տեսանկյունից հուշարձանը ներկայացնում է երկհարկանի կիսագետնափոր մի կառույց։

Ստորին հարկը բուն տապանատունն է, որն ունի ուղղանկյուն խաչաձև հատակագիծ։

Դամբարանն ունի 3,75 մետր երկարություն և 2,65 մետր լայնություն։

Նրա մուտքը գտնվում է արևմտյան կողմում և պսակված է կամարով, որի բարավորը զարդարված է հնագույն քանդակներով։

Դամբարանի հյուսիսային և հարավային պատերին կան որմնախորշեր, որտեղ զետեղված են եղել թագավորական մասունքները։

Հյուսիսային կողմում պատկերված են քրիստոնեական խորհրդանիշներ, իսկ հարավային կողմում՝ հեթանոսական մոտիվներ, ինչը վկայում է դարաշրջանի անցումային բնույթի մասին։

Ուշագրավ են Դանիել մարգարեին առյուծների գուբում պատկերող քանդակը, ինչպես նաև խոյերի և այլ կենդանիների պատկերները, որոնք ունեն թե՛ դեկորատիվ, թե՛ խորհրդանշական նշանակություն։

Հուշարձանը գտնվում Արագածոտնի մարզի Աղձք (նախկին Ձորափ) գյուղի կենտրոնական մասում՝ «Աղձք» պատմամշակութային արգելոցում։

Տեղանքը հեշտ հասանելի է զբոսաշրջիկների համար և հայոց պետականության խորհրդանիշներից մեկն է։

Կոորդինատներն են՝ 40.3201° N, 44.2541° E։