Արագածոտնի մարզում նախատեսվում է միավորել Արագածավանի թիվ 1 և Գետափի դպրոցները

· Արագածոտն

Արագածոտնի մարզում նախատեսվում է միավորել Արագածավանի թիվ 1 և Գետափի դպրոցները

Արագածոտնի մարզում՝ Արագածավանի թիվ 1 միջնակարգ և Գետափի հիմնական դպրոցները։ Նախարարությունը փոփոխությունները հիմնավորում է կրթության որակը բարելավելու, ուսուցիչների ներուժը կենտրոնացնելու և կրթական ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությամբ։

Արագածոտնի մարզի Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոցում սովորում է 443 աշակերտ։ Դպրոցն ունի 58 մանկավարժական և 23 վարչատնտեսական աշխատող։ Իսկ Գետափի հիմնական դպրոցում սովորում է ընդամենը 13 աշակերտ։ Այնտեղ աշխատում է 13 մանկավարժական և 6 վարչատնտեսական աշխատող։

Նախատեսվում է Արագածոտնի մարզի դպրոցները միավորել Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոցի կազմում։

Նախարարությունը փոքր դպրոցներում կրթության որակի խնդիրներ է տեսնում

ԿԳՄՍ նախարարության հիմնավորմամբ՝ փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցներում դժվար է ձևավորել լիարժեք դասարաններ, ապահովել երեխաների շփումը հասակակիցների ավելի լայն շրջանակի հետ և զարգացնել թիմային աշխատանքի հմտությունները։

Նախարարությունը նշում է, որ Հայաստանում կան դպրոցներ, որտեղ սովորողների թիվը չի գերազանցում 15-ը, իսկ երեխաները ներկայացնում են 1-5 ընտանիք։ Ըստ գերատեսչության՝ նման պայմաններում սահմանափակվում են երեխաների սոցիալականացման, թիմային աշխատանքի և առողջ մրցակցային միջավայրում սովորելու հնարավորությունները։

Նախարարության ներկայացմամբ՝ փոքր դպրոցներում մեկ աշակերտի կրթության համար պետության ծախսերը որոշ դեպքերում տարեկան հասնում են 20 մլն դրամի, մինչդեռ մեկ աշակերտի հաշվով պետական միջին տարեկան ծախսը 250 հազար դրամ է։

Գերատեսչությունում կարծում են, որ մեկ աշակերտի համար ավելի մեծ ծախսերը պարտադիր չէ, որ ապահովեն կրթության ավելի բարձր որակ։ Հիմնավորման մեջ հիշատակվում են TIMSS և PISA միջազգային հետազոտությունները, որոնց տվյալներով, ըստ նախարարության, փոքր դպրոցների աշակերտների կրթական արդյունքները զիջում են մյուս դպրոցների ցուցանիշներին։

Ի՞նչ է փոխվելու դպրոցների միավորումից հետո

Նախարարությունն ակնկալում է, որ դպրոցների միավորումը թույլ կտա կենտրոնացնել ուսուցիչներին և կրթական ռեսուրսները, ձևավորել ավելի կայուն մանկավարժական թիմեր և արդյունավետ օգտագործել լաբորատորիաները, թվային սարքավորումները, գրադարաններն ու մարզական ենթակառուցվածքները։

Նախագծերում նշվում է, որ փոքր դպրոցները հաճախ կախված են այլ բնակավայրերից ժամանող ուսուցիչներից։ Ըստ նախարարության՝ որոշ հաստատություններում նրանց մասնաբաժինը հասնում է 70-80 տոկոսի։ Միավորումը, ըստ գերատեսչության, հնարավորություն կտա բարելավել ուսուցիչների աշխատանքային պայմաններն ու մասնագիտական աջակցության հնարավորությունները։

Նախարարությունը կրթական ենթակառուցվածքների բարելավման համատեքստում հիշատակում է նաև «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է շուրջ 452 մլրդ դրամի ներդրում։ Ըստ հիմնավորման՝ լաբորատորիաների և թվային սարքավորումների ներդրումն ավելի մեծ կրթական ազդեցություն կունենա, եթե դրանք հասանելի լինեն աշակերտների ավելի մեծ խմբերի։

Նախարարության հավաստմամբ՝ միավորվող դպրոցների աշակերտների տեղափոխումը կազմակերպվելու է կանոնավոր, անվճար և անվտանգ՝ սահմանված չվացուցակով ու ուղեկցողի ներկայությամբ։ 

Նախագծերի հիմնավորումների համաձայն՝ այս որոշումները պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի կամ եկամուտների փոփոխություն չեն ենթադրում։