ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արագածոտնի մարզում իրականացվում են շինարարական ծրագրեր. Armenpress

ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզում իրականացվում է հիսունից ավելի շինարարական ծրագիր՝ կառուցվող դպրոցներ, մանկապարտեզներ, համայնքային ամբուլատորիաներ, ինչպես նաև դպրոցների վերանորոգում։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ իրականացվող շինաշխատանքների պետական ներդրումը կազմում է ավելի քան 61 միլիարդ դրամ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից, գործադիր տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ հիմնադրամի ճարտարագետների աշխատանքային խումբն այցելել է Արագածոտնի մարզ `տեղում ծանոթանալու իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքների ընթացքին։
Հիմնադրամի պատվիրատվությամբ Աշտարակ խոշորացված համայնքի Նոր Եդեսիա բնակավայրում կառուցվում է միջնակարգ դպրոց։ Այն նախատեսված է 288 աշակերտի համար։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 3 միլիարդ 377 միլիոն դրամ։
Մարզի Ծաղկահովիտ խոշորացված համայնքի Գեղադիր բնակավայրն էլ շուտով կունենա նոր մանկապարտեզ` նախատեսված 75 սանի համար։ Բարեկարգ պայմաններով նոր շենքի կառուցման պետական ներդրումը կազմում է ավելի քան 376 միլիոն 365 հազար դրամ։
«Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Բաղինյանը շինարարների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ շինաշխատանքները պետք է կատարվեն պահանջվող ժամկետում և առանց որակական շեղումների, իսկ ժամկետների խախտումներից խուսափելու համար շինհրապարակներում անհրաժեշտության դեպքում պետք է ավելացնել աշխատուժը»,-ավելացնում են Հիմնադրամից։