Բացահայտիր Արագածոտնը-Ակունք գյուղ
Ակունք գյուղը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում՝ Թալին քաղաքից 7 կմ հեռավորության վրա, իսկ մարզկենտրոնից գտնվում է 53 կմ հեռավորության վրա՝ հյուսիս-արևմուտք: Այն տեղակայված է Արագածի լեռնազանգվածի հարավարևմտյան լանջին, սահմանափակ տարածքով սարահարթում և շրջափակված է հյուսիսից աղեղնաձև դեպի արևելք և դեպի արևմուտք ձգվող լեռնաբլուրներով: Գյուղը ծովի մակարդակից գտնվում է 1850 մետր բարձրության վրա:
Գյուղը հիմնադրվել է 1829 թվականին: 1829-1832 թվականներին այստեղ բնակություն են հաստատել Կարսից, Մուշից, Խոյից և Ալաշկերտից գաղթած հայերը: 1941 թվականին գյուղը անվանափոխվել է Ակունքի: Ըստ ավանդության՝ մի կույր մարդ լվացվում է գյուղի աղբյուրի ջրերով, և աչքերը իբր առողջանում են, այստեղից էլ առաջացել է գյուղի անվանումը: 1972 թվականից գյուղը մտել է Արագածի շրջանի մեջ:
Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով, իսկ ամառները՝ տաք, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 18-20-ի սահմաններում, հունվարյանը՝ -6, -8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-500 մմ է: Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են:
Գյուղի շրջակայքում կան կիկլոպյան բերդի ավերակներ, խաչքարեր, իսկ հյուսիսում՝ Սուրբ Սարգիս կոչվող ավերակ մատուռ, որը ուխտատեղի է համարվում: Գյուղն ունեցել է նաև Սուրբ Ստեփանոս (789 թ.) անունով եկեղեցի: Գյուղի կենտրոնում կա ինքնաբուխ սառնորակ աղբյուր: 2001 թվականի տվյալներով գյուղի բնակչությունը եղել է 672 մարդ, ովքեր հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ:
Տեղակայումը՝ Հայաստան, Արագածոտնի մարզ, Թալինից 7 կմ հեռավորության վրա
Կոորդինատներ՝ 40°25'0"N 43°54'0"E
Լուսանկարը `Արի Թալին ֆեյսբուքյան էջից