Ճանաչենք Արագածոտնի մարզի մեծերին - Գրիգոր Ղափանցյան․ հայագիտության և լեզվաբանության մեծանուն երախտավորը

· Աշտարակ

Ճանաչենք Արագածոտնի մարզի մեծերին - Գրիգոր Ղափանցյան․ հայագիտության և լեզվաբանության մեծանուն երախտավորը

Գրիգոր Ղափանցյանը ծնվել է 1887 թվականի փետրվարի 17-ին Աշտարակում։

Նկարչուհի Արփենիկ Ղափանցյանի հայրն է։

Նա հայ լեզվաբան-հայագետ էր, բանասիրական գիտությունների դոկտոր (1942), պրոֆեսոր (1930), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943) և ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1942). Մահացել է 1957 թվականի մայիսի 3-ին 70 տարեկան հասակում Երևանում։

​Նախնական կրթությունը ստացել է Աշտարակի տեղի երկդասյան դպրոցում, իսկ բարձրագույն կրթությունը՝ Պետերբուրգի համալսարանում, որտեղ աշակերտել է Նիկողայոս Մառին. 1913 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան ֆակուլտետի հայ-վրաց-պարսկական բաժինը և աշխատանքի անցել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։

1914 թվականին մասնակցել է Անիի՝ Նիկողայոս Մառի կազմակերպած պեղումներին։

Միաժամանակ գրել է «Լեզվաբանական դիսցիպլիններ և լեզու» գիտական գործը. 1921 թվականին հրավիրվել է Երևանի համալսարան և մինչև 1954 թվականը ղեկավարել լեզվաբանության ամբիոնը։

​Զբաղվել է գիտամանկավարժական գործունեությամբ նախ՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա ԵՊՀ-ում (1921-ից)։ Եղել է ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, ՀԽՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտի տնօրեն (1950-1956)։

1930 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում, 1942 թվականին՝ գիտության վաստակավոր գործչի կոչում, հանդիսանում է ՀԽՍՀ ԳԱ հիմնադիր անդամներից, եղել է նրա հասարակագիտական բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ունեցել է պատմաբանասիրական հետաքրքրություններ։

​Տիրապետել է խեթերենին, ուրարտերենին, խուրիերենին և պալայերեն լեզուներին ու պարզել է հայերենի և խեթերենի էթնիկական կապը։

Հայերենի ծագման և ցեղակցության վերաբերյալ զարգացրել է այն տեսությունը, թե նրա մեջ առկա է երկու շերտ՝ հնդեվրոպական և տեղական, ընդ որում հիմնականը տեղական շերտն է։

Տեղական ասելով` նա հասկանում էր փոքրասիական և կովկասյան այն լեզվանստվածքը, որ, անվանի հայագետի կարծիքով, խոր արմատներ ունի հայերենում։

​Իր մենագրություններում և բազմաթիվ հոդվածներում ուշագրավ դիտողություններ է արել տեսական լեզվաբանության, հայերենի զարգացման պատմության, հայ ժողովրդի կազմավորման ակունքների, նրա հնագույն լեզվաթնիկական առնչությունների վերաբերյալ։

1939 թվականին գրել է «Ընդհանուր լեզվաբանություն» աշխատությունը, որտեղ լեզուն բնութագրել է որպես պատմահասարակական երևույթ։

Նշանավոր աշխատություններն են՝ «Ուրարտուի պատմությունը», «Լեզվական ընդհանուր տարրեր ուրարտական և խեթական լեզուների միջև», «Հին Հայաստանի տեղանունների պատմա-լեզվաբանական նշանակությունը», «Ածանցները և ածանցված բառերը հին Փոքր Ասիայի տեղանուններում»։

Ղափանցյանի վերջին աշխատությունը «Հայոց լեզվի պատմությունն է», որտեղ քննության են առնված հայ ժողովրդի կազմավորման հարցերը, հայոց լեզվի հնդեվրոպական նստվածքը։

​1987 թվականից Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի անվան № 4 դպրոցում գործում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ հանդիսացող Գրիգոր Ղափանցյանին նվիրված թանգարան։ Ղափանցյանի բրոնզաձույլ կիսանդրին տեղադրված է Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի նախասրահում։

​