Բացահայտիր Արագածոտնը-Արայի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Արագածոտնի մարզի Արայի գյուղում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին հիմնադրվել է 1885 թվականին, իսկ վերանորոգումը կատարվել է 1895 թվականին։ Եկեղեցու շինարարական աշխատանքները տևել են 1 տարի։
Արայի գյուղը հիմնադրվել է 1828 թվականին՝ ռուս-պարսկական պատերազմի ժամանակահատվածում, Ալաշկերտից գաղթած հայերի կողմից։ Մինչև սեփական եկեղեցու (ժամի) կառուցումը, համայնքն օգտվել է Աստվածընկալ եկեղեցու հոգևոր միաբանությունից, որտեղ աշխատել է գյուղի առաջին քահանան՝ Ալեքսան Ալեքսանյանը։
Եկեղեցու կառուցման համար նյութական միջոցներ են տրամադրել գյուղի առաջադեմ մեծահարուստները՝ Դավիթ Միքայելյանը, Անդրանիկ Հովհաննիսյանը, Աբրահամ Առաքելյանը, (Չարչու) Մելիք Սաֆարյանը, Մարգար Պողոսյանը և այլոց հետ միասին շուրջ 25 տնատերեր։
Եկեղեցու ժամի շարելու և ծածկելու աշխատանքները ղեկավարել են որմնադիր վարպետներ Խաչատուր Սաղոյանը և Մարգար (Կարապետ) Պողոսյանը։ Բանվորական ողջ աշխատանքը կատարել է գյուղի համայնքը։ Ծածկի գերանները համայնքի միջոցներով ու սայլերով բերվել են Արևմտյան Հայաստանի Սարիղամիշ վիլայեթից։
1936 թվականից եկեղեցին փակվում է։ Երկրորդ աշխարհամարտից հետո՝ 1945 թվականից, շինությունն օգտագործվում է որպես կոլեկտիվի հացահատիկի պահեստ։ Միայն 1990 թվականին եկեղեցին դատարկվում է և դարձյալ հանձնվում համայնքին՝ որպես հոգևոր օջախ։
Տեղակայումը՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, Արայի գյուղ
Կոորդինատները՝ 40.443194, 44.382639