Ապարանի ավագանու «Կարեն Եղիազարյան» խմբակցության անդամներից ոմանք կուսակցություն են փոխել՝ դառնալով «Գործարար». Aravot.am
· Ապարան
Նոյեմբերի 29-ին, ի թիվս այլ համայնքների, համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ կկայանան Արագածոտնի մարզի Աշտարակ ու Ապարան համայնքներում, իսկ մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի ու ավագանու ընտրություններ մարզի Արեւուտ ու Մեծաձոր համայնքներում։ Աշտարակ համայնքում քաղաքական ուժերից հայտ է ներկայացրել միայն «Քաղաքացիական պայմանագիրը»։ Նկատենք, որ 2021թ․ դեկտեմբերի 5-ին Աշտարակում կայացած ՏԻՄ ընտրություններին բացի ՔՊ-ից մասնակցել էին նաեւ ՀՅԴ-ն ու «Հայրենիք» կուսակցությունները։ Այս անգամ «Քաղաքացիական պայմանագրի» 81 հոգանոց ընտրացուցակը գլխավորում է Աշտարակի համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը, որին հաջորդում է համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ Շանթ Վահանյանը։ Երկուսն էլ 37 տարեկան են։ Երրորդ հորիզոնականում ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության փորձագետ, 38-ամյա Մերի Մաթեւոսյանն է։ Երեք թեկնածուներն էլ «Քաղաքացիական պայմանագրից» են։ Աշտարակի ավագանու անդամների թիվը 27 է։
Ապարանում նույնպես մեկ ուժ՝ «Համերաշխություն» դաշինքն է պայքարելու ավագանու 21 մանդատի համար։ Ինչպես Գորիսում, այստեղ նույնպես դաշինքի մեջ «Քաղաքացիական պայմանագիր» ու «Գործարար» կուսակցություններն են։ Ընտրացուցակը գլխավորում է Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը։ Երկրորդ հորիզոնականում համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ Արկադի Կարապետյանն է։
Համայնքապետն ու տեղակալը նույն տարիքին են՝ 46 տարեկան ու անկուսակցականներ են։ Առաջին եռյակը սահմանափակում է «Միրաքի հ/դ» ՊՈԱԿ-ի մանկավարժ, ՔՊ-ական, 35-ամյա Մերի Մելքոնյանը։ Դաշինքի 63 հոգանոց ընտրացուցակում՝ 13 հոգի «Քաղաքացիական պայմանագրի» անդամ են, 13-ը՝ անկուսակցական, իսկ 32-ը «Գործարար» կուսակցության անդամ են։ Հիմնականում այս կուսակցությանը անդամակցել են Ապարանի համայնքապետարանի ու համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցները։
Ավելին `սկզբնաղբյուր կայքում