Բռունցքներից մինչև շիշ․ ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ-ում ծեծկռտուքներով աչքի ընկած Սուրեն Հովհաննիսյանը. Armlur.am
ArmLur.am-ի ուշադրության կենտրոնում այս անգամ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սուրեն Հովհաննիսյանն է, որը խորհրդարանում իր գործունեությամբ աչքի է ընկնում ոչ այնքան օրենսդրական նախաձեռնություններով, որքան ընդդիմադիրների հետ ծեծկռտուքներին մասնակցությամբ։
Հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ Հովհաննիսյանը բռունցքներով հարվածներ էր հասցնում ընդդիմադիր պատգամավորներին։ Իսկ հոկտեմբերի 29-ին խորհրդարանում կրկին բռնության վերածված բախման ժամանակ տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը ջրի շիշ փոխանցում Հովհաննիսյանին, որն այն նետում է ընդդիմադիրների ուղղությամբ։
Այսպիսով, հանրությանն առավելապես ծեծկռտուքներից հայտնի դարձած պատգամավորը 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում պատգամավոր է ընտրվել ՔՊ համապետական ընտրական ցուցակով։
Իսկ ո՞վ է նա և ի՞նչ ունեցվածք ունի
Սուրեն Հովհաննիսյանը ծնվել է 1995 թվականի դեկտեմբերի 17-ին Արագածոտնի մարզի Օշական գյուղում։ 2019 թվականին ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը՝ «Կառավարում» մասնագիտությամբ, իսկ 2023 թվականին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ ստանալով կառավարման մագիստրոսի որակավորում։ 2024-2025 թվականներին մասնակցել է «Ծրագրերի կառավարման հիմունքներ» դասընթացին։
2018-2019 թվականներին հասարակական հիմունքներով աշխատել է որպես ԱԺ պատգամավորի օգնական, 2019-2021 թվականներին՝ ԱԺ պատգամավորի օգնական, իսկ 2021-2026 թվականներին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական։ Ամուսնացած է։
Անշարժ գույք
Հայտարարագրի համաձայն՝ Սուրեն Հովհաննիսյանը Երևանի բնակարանի 1/3 բաժնային սեփականատեր է։ Բնակարանը ձեռք է բերել 2022 թվականի մայիսի 16-ին՝ գնման եղանակով։ 2025 թվականի ընթացքում նոր անշարժ գույք չի ձեռք բերել և առկա գույքը չի օտարել։ Այսպիսով, տարվա սկզբի և վերջի դրությամբ նրա անշարժ գույքը մնացել է անփոփոխ։
Հայտարարագրում տրանսպորտային միջոց չի ներկայացրել։ Նա նաև բաժնային արժեթղթեր, այլ ներդրումներ, պարտքային արժեթղթեր, փոխառություններ և բանկային ավանդներ չի հայտարարագրել։ Չի հայտարարագրել նաև 4 միլիոն դրամը գերազանցող թանկարժեք գույք։
Դրամական միջոցներ
2025 թվականի սկզբին Սուրեն Հովհաննիսյանի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1 միլիոն 141 հազար 538 դրամ, իսկ տարեվերջին՝ 1 միլիոն 490 հազար 89 դրամ։
Կանխիկ դրամական միջոցները տարվա ընթացքում զգալի աճ են գրանցել։ Եթե տարվա սկզբին նա հայտարարագրել էր 1 միլիոն 400 հազար դրամ, ապա տարեվերջին այդ գումարը դարձել է 3 միլիոն 500 հազար դրամ։
Դոլարային միջոցները ևս ավելացել են․ տարվա սկզբի 500 դոլարի փոխարեն տարեվերջին հայտարարագրել է 4 հազար դոլար։ Բացի այդ, տարեվերջին ունեցել է 3 հազար 300 եվրո կանխիկ գումար, մինչդեռ տարվա սկզբին եվրոյով կանխիկ միջոց չի ունեցել։
Այսպիսով, մեկ տարվա ընթացքում նրա դրամային կանխիկ միջոցներն ավելացել են 2 միլիոն 100 հազար դրամով, իսկ դոլարային միջոցները՝ 3 հազար 500 դոլարով։ Տարեվերջին հայտարարագրել է նաև 3 հազար 300 եվրո։
Եկամուտ
Սուրեն Հովհաննիսյանի՝ 2025 թվականի տարեկան եկամուտը կազմել է 9 միլիոն 96 հազար 718 դրամ։ Ամբողջ գումարը ստացել է ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով։
Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 1 միլիոն 455 հազար 422 դրամ։
Սոնա Գրիգորյան