ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախկին Հայր Կորյունը «պատարագ» է մատուցել. Արագածոտնի թեմը դատապարտել է նրա հակաեկեղեցական քայլը. Armlur.am
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Թալինի շրջանի Գառնահովիտ համայնքի Սուրբ Գևորգ եկեղեցում նախկին հոգևորական Հայր Կորյունը, այժմ՝ Հայր Կորյունը, իրականացրել է այսպես կոչված «պատարագ»։
Հատկանշական է, որ տևական ժամանակ է՝ Հայր Կորյունը նման նախաձեռնություններով հանդես չի եկել։ Սակայն, անհայտ պատճառներով, նոյեմբերի 1-ին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռնադրության 27-րդ տարեդարձի օրը, որոշել է Գառնահովիտում «պատարագ» մատուցել։
Նշենք, որ նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բազմաթիվ քաղաքացիներ էին հավաքվել՝ տոնելու Հայոց Հայրապետի ձեռնադրության տարեդարձը։
Հիշեցնենք, որ Արմեն Առաքելյանը 2018 թվականի հուլիսի 17-ին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությամբ, կարգալույծ է հռչակվել։ Մայր Աթոռի տարածած հաղորդագրության համաձայն՝ կարգալուծության պատճառը եղել է «եկեղեցականին անհարիր վարքագիծը և հակականոնական ընթացքը»։ Կարգալուծությունից հետո նա դասվել է աշխարհականների շարքին՝ իր ավազանի անունով՝ Արմեն Առաքելյան։
Հիշեցնենք, որ Արմեն Առաքելյանը նաև «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ղեկավարն է։
Նախկին հոգևորականի՝ եկեղեցում պատարագ մատուցելու գործողությունը դատապարտել է Արագածոտնի թեմը՝ հայտարարելով, որ եկեղեցին անձնական հավակնությունների, ինքնակամ որոշումների կամ սեփական ցանկություններին համապատասխան գործելու վայր չէ։
Թեմը շեշտել է, որ կարգալույծ հռչակված հոգևորականը զրկվում է քահանայական ծառայություն իրականացնելու և քահանայական իրավունքներից օգտվելու եկեղեցական իրավունքից։ Հետևաբար, նրա կողմից մատուցված «Պատարագը» չի կարող համարվել Եկեղեցու կողմից կատարվող կանոնական Պատարագ։
Արագածոտնի թեմի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Նման գործողությունը ոչ միայն խախտում է եկեղեցական կարգը, այլև մոլորության մեջ է գցում հավատացյալներին՝ ոտնահարելով և խաթարելով նրանց կրոնական ու հոգևոր կյանքը։
Պահանջում ենք կարգալույծ հռչակված նախկին հոգևորականներից զերծ մնալ եկեղեցիները պղծելու իրենց քայլերից և հավատավոր զավակների կրոնական իրավունքները ոտնահարելուց:
Հորդորում ենք մեր հոգևոր զավակներին զգույշ լինել և զերծ մնալ նմանատիպ հակաօրինական և հակականոնական միջոցառումներին մասնակցելուց»։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․