Արագածոտնի թեմի հոգևորականները Մկրտիչ Սրբազանի գործով կգան դատարան․ միջնորդությունը բավարարվեց
Խնդրում ենք Մկրտիչ Սրբազանի գործով դատական նիստին հրավիրել և հարցաքննել Արագածոտնի թեմի հոգևորականներին՝ պարզելու՝ Մկրտիչ Սրբազանը ապօրինի վարքագիծ դրսևորե՞լ է, թե ոչ։ Այսօր Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական լսումների ընթացքում նման միջնորդությամբ հանդես եկավ բարձրաստիճան հոգևորականի պաշտպան Ռոման Ահարոնյանը։
«Հոգևորականները, որոնք մասնակցել են թեմի ժողովներին, ցուցմունք են տվել այս գործով, թող գան դատարան, տեսնենք Սրբազանը ապօրինի վարք ցուցաբերե՞լ է, թե ոչ։», – նշելով հոգևորակնների տվյալները՝ մասնավորապես նշեց Ահարոնյանը։
Պաշտպաններից Պետրոս Պետրոսյանը ընդգեց, որ ինքը համոզված է՝ նշված հոգևորականները հարցաքննվել են և այնպիսի ցուցմունքներ են տվել, որոնց պարագայում Սրբազանին առաջադրված մեղադրանքները ծիծաղելի կդառնային։
«Համոզված եմ նաև, հենց այդ նպատակով նշված ցուցմունքները չկան այս գործի նյութերի մեջ, համաձայն օրենքի՝ դրանք պետք է հավաքվեին և ներկայացվեին ընդհանուր գնահատականի համար։ Դա առանցքային նշանակություն ունի այս քրգործի համար, հետևաբար՝ միանում են գործընկերներիս ներկայացրած միջնորդությանը», – մասնավորապես նշեց Պետրոսյանը։
Ինչից հետո դատարանը՝ դատավոր Դավիթ Դաբաղյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց բավարարել ներկայացրած միջնորդությունը՝ ներգրավել գործում փաստաբանների առաջարկած հոգևորականներին։
Հիշեցնենք, Մկրտիչ Սրբազանը ձերբակալվեց և կալանավորվեց 2025թ․ հոկտեմբերին։ Հոկտեմբերի 15-ին խուզարկություններ կատարվեցին Արագածոտնի թեմի առաջնորդարանում, դիվանատանը, թեմի հոգևորականների տներում։
Մկրտիչ Սրբազանին, Տեր Գարեգինին և հաշվապահին մեղադրանք էր ներկայացվել այժմ կարգալույծ Ստեփան Ասատրյանի հայտարարությունների հիման վրա՝ իբր թե ընդդիմադիրների ցույցերին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ վարույթով։
2026 թվականի փետրվարի 12-ին Մկրտիչ Սրբազանը դատավոր Դավիթ Դաբաղյանի որոշմամբ ազատ արձակվեց կալանավայրից և տեղափոխվեց տնային կալանքի, իսկ սույն թվականի մարտի 17-ին դատարանը վերացրեց նաև տնային կալանքը։ Դրանից հետո նրա նկատմամբ կիրառվել են ավելի թեթև սահմանափակումներ՝ բացակայելու արգելք և վարչական հսկողություն։