Բացահայտիր Արագածոտնը - Վարդենիսի Թուխ Մանուկ մատուռը
Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի կենտրոնական հատվածում՝ 1830-ական թվականներին կառուցված Սուրբ Հակոբ եկեղեցու անմիջական հարևանությամբ, գտնվում է տեղական պատմության ու հավատալիքների տեսանկյունից յուրահատուկ մի սրբատեղի՝ Թուխ Մանուկ մատուռը:
Այս մատուռի ձևավորումն ու պատմությունը սերտորեն կապված են Բայազետի Ղուրան գյուղից դեպի Արևելյան Հայաստան գաղթած Սաքոյի մեծ գերդաստանի հետ: Գաղթի ճանապարհին՝ Արաքս գետն անցնելիս, ընտանիքի տղամարդիկ կորցրել են իրենց հետ բերվող Նարեկի Սուրբ Ավետարանը, սակայն կարողացել են մյուս ափ անցկացնել եկեղեցական երկու քանդակված քարաբեկոր: Այդ մասունք-քարերն այսօր էլ խնամքով պահպանվում են Թուխ Մանուկ մատուռում:
Մատուռի և նրա քարերի հետ կապված են բազմաթիվ ավանդույթներ ու բուժիչ հավատալիքներ:

Ըստ տեղական ավանդության՝ մատուռն ու դրանում պահվող քարերն ունեն գորտնուկ կոչվող մաշկային հիվանդությունը բուժելու զորություն: Բուժման ծեսի համաձայն՝ այցելու հավատացյալը մարմնի ախտահարված հատվածով պետք է հպվի հիշյալ քարերից մեկին, որից հետո նույն հատվածի վրա շաղ տա մոմավառության սեղանիկի ավազը: Լիարժեք ապաքինման համար պարտադիր պայման է համարվում մատուռ պարբերաբար այցելելը՝ մինչև հիվանդության վերջնական անհետացումը:
Գերդաստանի ներկայացուցիչներից տիկին Երազիկ Կիրակոսյանը հիշում է նաև մեկ այլ հրաշագործ դեպք: Գյուղից վաղուց հեռացած բնակիչներից մեկը ծանր հիվանդացել էր, և բժշկական հետազոտությունները դրական ոչ մի հույս չէին տալիս: Սակայն վերակենդանացման բաժանմունքում օրեր անց հիվանդն անբացատրելիորեն գիտակցության է եկել և հարազատներին խնդրել անհապաղ ուխտի գնալ իր ծննդավայրի Թուխ Մանուկ մատուռ, ինչից հետո նրա առողջական վիճակը գնալով բարելավվել է:
Տեղակայումը՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, գյուղ Վարդենիս:
Կոորդինատները՝ 40.4800, 44.3800
Լուսանկարը `Հայաստանի մատուռներ-ի