Վեց և ավելի երեխա ունեցող ընտանիքների հիփոթեքը կսուբսիդավորվի 100 տոկոսով․ կառավարությունը հաստատեց ծրագիրը
· Հայաստան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները կկարողանան մարզերում բնակարան ձեռք բերել կամ տուն կառուցել պետության 100 տոկոս սուբսիդավորմամբ՝ սահմանված գումարի շրջանակում։ Յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով նախատեսվում է 4 մլն դրամի աջակցություն, իսկ գյուղական բնակավայր ընտրելու դեպքում՝ ևս 4 մլն դրամ։ Կառավարությունը նոյեմբերի 5-ի նիստում հաստատել է բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ ծրագրի գաղափարն առաջացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված քաղաքացու նամակից, որով նա աջակցություն էր խնդրել իր բազմազավակ ընտանիքի համար։ Նախարարի խոսքով՝ համայնքներից հավաքագրված տվյալներով պարզվել է, որ Հայաստանում վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ավելի քան 600 ընտանիք կա, որոնցից շատերն ընդգրկված են սոցիալական անապահովության համակարգում։
«Մենք այն ընտանիքներին, որոնք 2027 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կունենան վեց և ավելի անչափահաս երեխա, յուրաքանչյուր երեխայի հաշվարկով չորսական միլիոն դրամի հավաստագիր ենք տալիս, որը կարող է իրացվել բանկային հիփոթեքի, հիփոթեքային ծրագրերի վարկավորման միջոցով տուն կառուցելու կամ տուն ձեռք բերելու համար»,- ասել է Թորոսյանը։
Ծրագրով վեց անչափահաս երեխա ունեցող ընտանիքին կհասնի 24 միլիոն դրամի, յոթ երեխա ունեցողին՝ 28 միլիոն, ութ երեխա ունեցողին՝ 32 միլիոն դրամի աջակցություն։ Գյուղական բնակավայր ընտրելու դեպքում նախատեսված լրացուցիչ 4 միլիոն դրամը ընտանիքը կարող է օգտագործել տան կառուցման համար հողամաս կամ գյուղատնտեսական նշանակության հողամաս ձեռք բերելու, ինչպես նաև ծրագրով սահմանված այլ նպատակների համար։
Պետությունը կսուբսիդավորի հիփոթեքային վարկի մայր գումարի և տոկոսների վճարները՝ սահմանված աջակցության չափի և տոկոսադրույքների շրջանակում։ Վարկը տրամադրվելու է առանց կանխավճարի՝ 10 տարի մարման ժամկետով։
Ծրագրից օգտվելու համար ընտանիքի բոլոր անդամները պետք է ունենան Հայաստանի քաղաքացիություն։ Շահառուն, իսկ գրանցված ամուսնության դեպքում՝ նաև նրա ամուսինը, պետք է ներկայացրած լինեն նախորդ տարվա եկամուտների հայտարարագրերը։ Նրանց հայտարարագրված եկամուտների հանրագումարը չպետք է գերազանցի տարեկան 10 միլիոն դրամը։
Սահմանված են նաև գույքային սահմանափակումներ։ Շահառուն կամ նրա ամուսինը դիմելուց առաջ երկու տարվա ընթացքում չպետք է ունեցած լինեն 50 միլիոն դրամը գերազանցող կադաստրային արժեքով բնակելի անշարժ գույք՝ սեփականության կամ առնվազն 50 տոկոս բաժնեմասով, կամ համապատասխան գույքի գրանցված գնման իրավունք։ Ծրագրից չեն կարող օգտվել նաև բնակարանային աջակցության որոշ այլ պետական ծրագրերի շահառուները։
Բնակարանը կամ տունը պետք է գտնվի Հայաստանի մարզերից մեկում, իսկ յուրաքանչյուր անդամի հաշվով բնակելի մակերեսը կազմի առնվազն 10 քառակուսի մետր։ Քաղաքային բնակավայրում գույք ձեռք բերելու համար սահմանված է նաև հաշվառման պայման, որից բացառություն է նախատեսված Երևանում հաշվառված կամ Հայաստանում հաշվառում չունեցող ընտանիքների համար։
Թորոսյանի խոսքով՝ եկամուտների հայտարարագրման և գույքային սահմանափակումների միջոցով փորձել են ծրագիրը դարձնել հասցեական։ Նախարարը նաև կարևորել է դրա ընթացքի գնահատումը՝ հետագայում ծրագիրը կատարելագործելու և հնարավոր է՝ այլ թվով երեխաներ ունեցող ընտանիքների վրա տարածելու նպատակով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ծրագիրը կապել կառավարության՝ 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու ծրագրի հետ։ Նրա խոսքով՝ նորակառույց դպրոցներ և մանկապարտեզներ ունեցող, սակայն աշակերտների պակաս ունեցող բնակավայրերում անհրաժեշտ է լրացուցիչ խթաններ նախատեսել՝ բազմազավակ ընտանիքներին այնտեղ բնակություն հաստատելու համար։
«Շատ կարևոր է, որ մենք կարողանանք ծրագիրը ուղղորդել և կցել նորակառույց դպրոցների հետ»,- հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ սոցիալապես անապահով ընտանիքներում երեխաների կրթությունը միշտ չէ, որ պատշաճ ձևով է կազմակերպվում, ինչի հետևանքով անապահովությունը կարող է փոխանցվել հաջորդ սերունդներին։
«Այս շղթան կանգնեցնելու մենք մի ձև գիտենք, դա կրթությունն է»,- ասել է նա։
Արձագանքելով Փաշինյանին՝ Թորոսյանն ասել է, որ ծրագրի մշակման ընթացքում դիտարկել են գյուղական դպրոց հաճախելը պարտադիր պայման դարձնելու հնարավորությունը, սակայն նման պահանջի կատարման վերահսկողությունը դժվար է։
Նախարարը հայտնել է, որ վարչապետի առաջարկն ընդունում է որպես հանձնարարություն և մինչև ծրագրի ուժի մեջ մտնելը գործընկերների հետ կքննարկի նորակառույց դպրոցներ ունեցող բնակավայրերում բնակարանաշինության համար լրացուցիչ խրախուսական մեխանիզմներ նախատեսելու հարցը։
Նիստում Փաշինյանն առանձին անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերում գործող՝ 16 մլն դրամի բնակարանային աջակցության ծրագրին։ Նրա խոսքով՝ կառավարությունն ուսումնասիրում է, թե որքանով են այդ ծրագրով կառուցված տները բնակեցվում։ Վարչապետը չի բացառել, որ որոշ տներ կարող են դատարկ մնալ՝ նշելով, որ կառավարությունը շարունակելու է վերահսկողությունը։
Նոր ծրագրի հիմնավորման համաձայն՝ Հայաստանում, համայնքներից հավաքագրված նախնական տվյալներով, կա վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող 643 ընտանիք՝ ընդհանուր 4267 երեխայով։ Կառավարության հաշվարկներով՝ առաջիկա 10 տարիներին ծրագրի համար պետական բյուջեից կպահանջվի առավելագույնը 31,9 մլրդ դրամ, եթե բոլոր ընտանիքները դիմեն աջակցության, և նրանց կեսն ընտրի գյուղական բնակավայրերը։
Ծրագիրն ուժի մեջ կմտնի 2027-ի հուլիսի 1-ից։ Դիմումները կընդունվեն էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2029-ի դեկտեմբերի 31-ը։ Ծրագրի իրականացումը վերապահվել է Միասնական սոցիալական ծառայությանը։