Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող մարդատար միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին. վարորդը մահացել է

· Արագածոտն

Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող մարդատար միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին. վարորդը մահացել է

Այսօր նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:10-ի սահմաններում «JAC» մակնիշի միկրոավտոբուսը Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Ագարակ բնակավայրի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել ձորակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Նրա մարմինն ավտոմեքենայից դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչիկ Պողոսյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։