Ճանաչենք Արագածոտնի մարզի հերոսներին - Արման Հակոբյան
· Թալին
Արման Հովհաննեսի Հակոբյանը ծնվել է 2002 թվականի օգոստոսի 10-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում: 2008 թվականին հաճախել է Թալինի թիվ 1 հիմնական, ապա 2017 թվականին կրթությունը շարունակել է ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքում, որն էլ ավարտել է 2020 թվականին: Նա երազել է դառնալ խոհարար:
Արման Հակոբյանը պարտադիր զինվորական ծառայության է մեկնել 2021 թվականի մարտի 24-ին՝ ծառայության անցնելով ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի N զորամասում որպես գնդացրորդ:
Արմանը դեռ 1,5 ամսվա զինծառայող էր, երբ 2021 թվականի մայիսի 12-ին հակառակորդը ներխուժում է Սյունիքի մարզի Սև լճի տարածք և դիրքավորվում: Նույն օրը տագնապ հրամանով Արման Հակոբյանը վաշտի հետ միասին տեղափոխվում է Սև լճի տարածք, որտեղ էլ ակտիվ մասնակցություն է ունենում այստեղ մղվող գործողություններին: Սև լճում որոշ ժամանակ մնալուց հետո տեղափոխվում են մարտական հերթապահություն կատարելու Վերին Շորժայում և Նորաբակում:
Օգոստոսի 2-ին մարտական հերթապահության են տեղափոխվում Կութ գյուղի դիրքեր: Օգոստոսի 16-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Սոթք, Կութ, Նորաբակ գյուղերի ուղղությամբ: Արման Հակոբյանը, հակառակորդին պատճառելով 3-5 զոհ, ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի դիպուկահարի կրակոցից ստացել է մահացու հրազենային վիրավորում (մահացել է 2021 թվականի օգոստոսի 16-ին):
Հայաստանի Հանրապետության նախագահի 2021 թվականի օգոստոսի 18-ի հրամանով հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնվիրումի համար Արման Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից 2021 թվականի սեպտեմբերի 9-ին Արման Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքի սահմանների պաշտպանության համար մղված թեժ մարտերում մեր ապրելու իրավունքն իր կյանքով ամրագրելու և դարպասներն անառիկ պահելու համար» պատվոգրով:
Զորամասի հրամանատարության կողմից 2022 թվականի հունվարի 10-ին Արման Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական հերթապահություն» մեդալով և հավաստագրով:
Այն դիրքը, որտեղ զոհվել է Արման Հակոբյանը, կոչվել է իր անունով:
Հուղարկավորվել է Թալինի պանթեոնում:
Հավե՛րժ փառք քեզ, քաջ զինվոր։