Բացահայտիր Արագածոտնը - Հովհաննավանք. Քասաղի կիրճի հնամենի պահապանը

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը - Հովհաննավանք. Քասաղի կիրճի հնամենի պահապանը

Հովհաննավանքը հայկական վանական հոյակերտ համալիր է, որը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում, Քասաղ գետի կիրճի աջ եզրին՝ բարձր ու գեղատեսիլ վայրում։

Վանքը նվիրված է Հովհաննես Մկրտչին և պատմականորեն մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ։

Տարբեր աղբյուրներում այն հիշատակվում է բազմաթիվ անուններով, ինչպիսիք են Ամատունյաց Սուրբ Կարապետ, Անավանք, Հաննավանք, Սյուղի կամ Սովի վանք, ինչպես նաև Օհանավանք։

​Համալիրի կառուցումն ընդգրկում է 4-13-րդ դարերը։

Ավանդությունը դրա հիմնադրումը վերագրում է Գրիգոր Լուսավորչին (3-4-րդ դարեր)։

Վանքի ամենահին շինությունը Սուրբ Կարապետ բազիլիկ տիպի եկեղեցին է, որը կառուցվել է 4-րդ դարի սկզբին։

Այս եկեղեցու սկզբնական փայտե տանիքը 554 թվականին փոխարինվել է քարե տանիքով, իսկ հիմնովին վերանորոգվել է 1652-1734 թվականներին։

Համալիրի կենտրոնական կառույցը՝ կենտրոնագմբեթ Կաթողիկե եկեղեցին, կառուցվել է 1216-1221 թվականներին իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի և նրա կնոջ՝ Մամախաթունի կողմից։

Շինությունը ներքուստ խաչաձև է՝ չորս անկյուններում տեղադրված կրկնահարկ ավանդատներով, որոնց վերին հարկ բարձրանում են 11 կոնսոլային աստիճաններով։

Եկեղեցու գմբեթը, որը կործանվել էր 1918 թվականի երկրաշարժից, վերականգնվել է 1980-1990-ական թվականներին՝ ունենալով 12 նիստանի թմբուկ և վերասլաց վեղար։

​1240-1250 թվականներին Քուրդ Ա Վաչուտյանը և նրա կին Խորիշահը կառուցել են վանքի գավիթը, որը պատկանում է 13-րդ դարում տարածված քառասյուն գավիթների տիպին։

Գավիթն ունի ընդարձակ դահլիճ, որի առաստաղը բաժանված է ինը հատվածների։ Վանքի շքամուտքի բարավորը զարդարված է «Իմաստուն և հիմար կույսերի» առակի բարձրաքանդակով։

Հովհաննավանքը եղել է Վաչուտյանների իշխանական տան հզորագույն ամրոցներից մեկը՝ շրջապատված յոթ աշտարակներով պարսպով, որոնց բարձրությունը որոշ տեղերում հասնում է 4-5 մետրի։

Պատմիչ Զաքարիա Սարկավագի վկայությամբ՝ պարիսպը մինչև 1222 թվականը կառուցել է Վանենի թագուհին։

​Դարերի ընթացքում Հովհաննավանքը եղել է հայ գրչության նշանավոր կենտրոն և ունեցել է հարուստ մատենադարան։ 17-րդ դարում այստեղ ապրել և ստեղծագործել է պատմիչ Զաքարիա Սարկավագ Քանաքեռցին, ով գրել է վանքի պատմությունը։

Շինությունների պատերին պահպանվել են 13-18-րդ դարերի բազմաթիվ հայերեն վիմագիր արձանագրություններ, որոնք պատմում են վանքի կառուցման, վերանորոգումների և նվիրատվությունների մասին։

Վանքը տարբեր ժամանակներում տիրապետել է ընդարձակ վարելահողերի, այգիների, ջրաղացների և նույնիսկ ամբողջական գյուղերի։

Կոորդինատներ. 40°20′22″N 44°23′19″E