Բացահայտիր Արագածոտնը - Չքնաղի Սուրբ Նարեկ մատուռը և նրա հրաշագործ Ավետարանը

Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղի Սուրբ Նարեկ մատուռն ու նրա հրաշագործ Ավետարանը հայոց պատմության և հավատքի յուրօրինակ վկաներն են։
Այս սրբավայրի պատմությունը սկիզբ է առնում 1828 թվականի փետրվարի 10-ին կնքված Թուրքմենչայի պայմանագրից հետո, երբ Արևելյան Հայաստանը միացավ Ռուսական կայսրությանը։

Այդ շրջանում Արևմտյան Հայաստանի բնակիչները, ձգտելով ապրել քրիստոնյա երկրի հովանու ներքո, սկսեցին զանգվածային վերաբնակեցումը։
1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմից և Ադրիանապոլսի պայմանագրից հետո նման հնարավորություն ընձեռվեց նաև արևմտահայությանը։
Մասնավորապես, Մշո գավառի Բուլանուղ գյուղից Արևելյան Հայաստան տեղափոխվեց 12 ընտանիք, որոնցից մեկը Հովսեփյան գերդաստանն էր։

Նրանք ժամանակի ընթացքում հաստատվեցին Արագածի արևելյան լանջերին գտնվող Չքնաղ գյուղում։
Վերաբնակիչներն իրենց հետ բերում էին ոչ միայն անձնական գույքը, այլև հոգևոր մասունքներ, որոնցից էր «Նարեկ» կոչվող Ավետարանը։

Այս սուրբ գիրքը, որը թվագրվում է 17-րդ դարով, Հովսեփյան ընտանիքը բերել էր Բուլանուղից։
Հատկանշական է, որ Ավետարանը «Նարեկ» է կոչվել բացառապես իր բուժիչ զորության համար, այլ ոչ թե Գրիգոր Նարեկացու հայտնի մատյանի օրինակ լինելու պատճառով, թեև ժողովրդական գիտակցության մեջ անվանական կապը մշտապես պահպանվել է։
Հաստատվելով Չքնաղում՝ Հովսեփյաններն իրենց տան հարևանությամբ կառուցեցին Սուրբ Նարեկ մատուռը, որտեղ սրբությամբ պահվում էր հրաշագործ Ավետարանը։
Հին մատուռը կառուցված էր տեղացիներին հայտնի «լեռ քարից»՝ որձաքարի մի տեսակից, որն աչքի է ընկնում հարթ մակերևույթով և սպիտակ ու կապույտ գույներով։
Կառույցն ունի երդիկ, որը ծառայում է որպես բնական լուսավորության աղբյուր։ Զարմանալի է, որ օրվա բոլոր ժամերին, անկախ արևի դիրքից, երդիկից արեգակի շողերը մշտապես ներս են թափանցում։
Մատուռում մինչ օրս պահպանվել է հնամենի դուռը՝ ամրացված դարբնի ձեռքով պատրաստված հատուկ «ծղնիներով» (ծխնիներ), և կաղնու փայտից պատրաստված հնագույն ծածկի գերանները։

Չնայած ժամանակի ընթացքում գյուղում կառուցվել էր Սուրբ Ստեփանոս եկեղեցին, մատուռը երբեք չկորցրեց իր նշանակությունը։
Այն իր դերը պահպանեց նաև 1939 թվականից հետո, երբ Հովսեփյան ընտանիքը տեղափոխվեց Երևանի հարակից Կողբ գյուղ՝ իր հետ տանելով Սուրբ գիրքը։
Խորհրդային տարիներին, երբ Սուրբ Ստեփանոս եկեղեցին քանդվեց, մատուռը մնաց գյուղացիների գլխավոր սրբավայրը։
ԽՍՀՄ փլուզումից հետո, 2004 թվականի հունիսին, Հովսեփյան ընտանիքի ջանքերով մատուռը վերականգնվեց և արդիականացվեց ժամանակակից լուծումներով. ամրացվեցին պատերը, կառուցվեց զանգակատուն, իսկ հրաշագործ Ավետարանը հանդիսավորությամբ վերադարձվեց և մինչ օրս պահպանվում է այնտեղ։

Մատուռը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Չքնաղ գյուղի տարածքում (Ապարանի տարածաշրջան)։
Աշխարհագրական կոորդինատներն են՝ 40.4901° N, 44.3892° E
Լուսանկարները `Հայաստանի մատուռներ-ի