Պատվոգրեր ու նվերներ՝ առարկայական օլիմպիադաներում հաղթած դպրոցականներին. ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ

· Արագածոտն

Պատվոգրեր ու նվերներ՝ առարկայական օլիմպիադաներում հաղթած դպրոցականներին. ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ

ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ

ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն` ուսումնական տարեվերջին մարզպետ Սերգեյ Մովսիսյանն իր անունից պատվոգրեր ու խորհրդանշական նվերներ է հանձնել առարկայական օլիմպիադաներում 1֊3֊րդ տեղերը զբաղեցրած և գովասանագրերի արժանացած մարզի դպրոցականներին։

Երեկ տեղի է ունեցել հերթական խրախուսական հանդիպումը, որին առաջավոր աշակերտների հետ ներկա էին նրանց տնօրենները։

Մարզպետը ողջույնի խոսքում վստահություն հայտնեց, որ ուսման մեջ առաջավոր, սովորելու բարձր մոտիվացիա ունեցող աշակերտներին փայլուն ապագա է սպասվում, և նրանք դառնալու են մեր պետության զարգացմանն ու առաջընթացին նպաստող մասնագետներ։

«Դուք վառ օրինակ եք մեր մյուս աշակերտների համար, և լիահույս եմ, որ առաջիկա տարիներին օլիմպիադաներում հաջողություններ արձանագրած մեր աշակերտների թիվն ավելի է մեծանալու»,֊ասաց Սերգեյ Մովսիսյանը։

Մարզպետի հետ զրույցում տնօրենները նշեցին, որ մարզի ղեկավարության կողմից կրթությանը ցուցաբերվող մեծ ուշադրությունն ու աջակցությունը խրախուսում են թե' մանկավարժներին, թե՜ սովորողներին։

Մարզպետը հորդորեց կրթության ոլորտում մարզի ցուցանիշների բարելավման ուղղությամբ շարունակել հետևողական աշխատանքը։