Բացահայտիր Արագածոտնը - Հայաստանի գինու պատմության թանգարան. ճամփորդություն ժայռերի խորքում

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը - Հայաստանի գինու պատմության թանգարան. ճամփորդություն ժայռերի խորքում

Հայաստանի գինու պատմության թանգարանը, որն առայժմ իր տեսակի մեջ միակն է, գտնվում է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում, «Արմենիա Վայն» գործարանի հարևանությամբ։

Թանգարանը հիմնադրվել է գործարանի կողմից, սակայն անկախ կառույց է։

Դրա ստեղծման գլխավոր նպատակը, ըստ հնագետ Հայկ Գյուլամիրյանի, գինու զբոսաշրջության հանրահռչակումն է և տարածաշրջանային գինու երթուղիների կարևոր հանգույց դառնալը։

​Ճարտարապետ Տիգրան Պողոսյանի հեղինակած այս նախագիծը կառուցվել է 4 տարում և ունի յուրահատուկ ստորգետնյա լուծում։

Թանգարանը փորված է ժայռերի մեջ՝ 8 մետր խորության վրա, ինչը պատահական չէ. քարայրը խորհրդանշում է և՛ գինու հնեցման մառանը, և՛ կյանքի ու մահվան հնագույն ընկալումները՝ հիշեցնելով մայրական արգանդը, որտեղից կյանքը սկիզբ է առնում և որտեղ էլ ավարտվում է։

​Կառույցը բաղկացած է երեք հիմնական մասից՝ երթուղի, ուրարտական պալատ և բուն ցուցասրահ։

Վերջինս բաժանված է 10 մասնագիտացված բաժինների, որոնք ներկայացնում են գինու կապը ոռոգման համակարգերի, բժշկության, առևտրի, իրավաբանության և քրիստոնեության հետ։

Ցուցադրությունը սկսվում է «խորհրդավոր երթուղով», որտեղ այցելուները ծանոթանում են Հայաստանում հայտնաբերված 8000 տարվա պատմություն ունեցող խաղողի կորիզի պատմությանը։

Այն հայտնաբերվել է 2000-ականներին Արմավիրի մարզի Առատաշենի հնավայրից՝ հայ-ֆրանսիական արշավախմբի կողմից։

​Շարժվելով առաջ՝ այցելուները տեղափոխվում են ժամանակի միջով՝ մ.թ.ա. 8-րդ հազարամյակից հասնելով մինչև մ.թ.ա. 4-րդ հազարամյակ, որը ներկայացված է Արենիի հայտնի քարանձավով։

Թանգարանում ցուցադրված են նաև հայկական լավագույն գինիները, այդ թվում՝ Արցախի Տող գյուղում արտադրվող «Կատարոն»։

Թանգարանի երկրորդ սրահը վերարտադրում է ուրարտական Խալդի աստծո տաճարի մթնոլորտը՝ 6 մետր բարձրությամբ սյուներով և սեպագիր արձանագրություններով։

​Գլխավոր ցուցասրահը լուծված է մոդեռնիստական ոճով, որտեղ ցուցադրվում են նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի դուրս մնացած կադրերը։

Թանգարանում ներկայացված հազարամյակների պատմությունն ավարտվում է խորհրդանշական մի էքսպոզիցիայով՝ Գարեգին Նժդեհի գավաթի պատմությամբ, որը եզրափակում է հայկական գինու և ոգու ժամանակագրական շղթան։

​Այս վայրը սովորական «սառը» թանգարան չէ. այցելուները հնարավորություն ունեն շրջել գինու բաժակով, ինչը ստեղծում է կենդանի, «խմորվող» միջավայր։

Ինչպես նշում է հնագետը, այստեղ կարևորը մարդկանց հույզերն ու ռեակցիաներն են ցուցանմուշների նկատմամբ։

Այժմ թանգարանը «Արմենիա Վայնի» հետ համատեղ նոր նախագիծ է իրականացնում՝ կառուցելով 16-17-րդ դարերի ոճի գինու հնձան՝ շուրջ 300 քմ տարածքով, ինչն է՛լ ավելի կամբողջացնի հայկական գինեգործական ժառանգության ներկայացումը։

Կոորդինատներ. 40.2319° N, 44.3858° E