Ճանաչենք Արագածոտնի մարզի հերոսներին- Նահապետ (Ֆեդյա) Տոնոյան. Ապարանցի հերոս հրամանատարի ուղին

· Ապարան

Ճանաչենք Արագածոտնի մարզի հերոսներին- Նահապետ (Ֆեդյա) Տոնոյան. Ապարանցի հերոս հրամանատարի ուղին

Նահապետ Ազատի Տոնոյանը (հայտնի է նաև Ֆեդյա անունով) ծնվել է 1960 թվականի հոկտեմբերի 18-ին Ապարանի շրջանի Ապարան քաղաքում։

1967-1975 թվականներին նա հաճախել է Ապարան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը, իսկ 1979 թվականին ավարտել է թիվ 40 պրոֆտեխուսումնարանը։

1980-1982 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։

​Նահապետ Տոնոյանի մասնակցությունը Արցախյան գոյամարտին սկսվել է դեռևս 1989 թվականից, երբ հունիսին ստեղծվեց Ապարանի կամավորական ջոկատը։

Հետագայում այդ ջոկատի հիմքի վրա կազմավորվեց «Հատուկ գնդի» Ապարանի վաշտը, որի հրամանատար նշանակվեց Նահապետը։ Նա իր մարտական մկրտությունը ստացավ 1989 թվականին Ղափանի Եղվարդ և Ուժանիստ գյուղերի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ։

Դրանից հետո վաշտը նրա գլխավորությամբ մասնակցեց սահմանամերձ մի քանի շրջանների պաշտպանությանը, իսկ 1990 թվականի նոյեմբերին մեկնեց Վարդենիս՝ հատուկ մարտական հանձնարարություն կատարելու։

​1991 թվականի ապրիլի 3-ից մայիսի 7-ը Ապարանի վաշտը այլ ջոկատների հետ միասին իրականացրել է Իջևանի շրջանի Կիրանց, Ոսկեպար և Աջաջկուտ գյուղերի պաշտպանությունը։

Հունիսի սկզբից վաշտը մարտական գործողություններ է իրականացրել Սիսիանում, իսկ օգոստոսի 18-ին մեկնել է Շահումյանի շրջան։

Սեպտեմբերի 26-ին վաշտի մի մասը մնացել է Խարխափուտում, իսկ մյուս մասը մեկնել է Ղարաչինար։ 1992 թվականի մարտի 16-ին վաշտը կրկին մեկնեց Շահումյանի շրջան (բուն Շահումյան), որտեղ ապարանցիները տվեցին իրենց առաջին զոհը՝ Ռաֆոյին։

​1992 թվականի մայիսի 5-ին վաշտը մեկնել է Երասխ, իսկ մայիսի 14-ից հունիսի 5-ը Նահապետ Տոնոյանի գլխավորությամբ իրականացրել է Բերձորի հատվածի հարավային կողմի պաշտպանությունը։

Այս պաշտպանական մարտերը շարունակվել են մինչև հունիսի 25-ը՝ Ռազմիկ Պետրոսյանի գլխավորությամբ։ Հունիսի 18-ին Տոնոյանը վաշտի 15 մարտիկների և «Հատուկ գնդի» այլ վաշտերի մարտիկների հետ մեկնել է Մարտակերտ՝ մասնակցելու տեղի մարտական գործողություններին։

​Նահապետ Տոնոյանը հերոսաբար զոհվել է 1992 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Բերձորի հատվածում՝ Ղոչազ լեռան մոտ։ Սեպտեմբերի 21-ին, ժամը 2:30-ին, երբ շրջափակումը վերացվել է, հայտնաբերվել են Ֆեդյայի (Նահապետի) և Գեդեոնի դիերը։

Ենթադրվում է, որ Ֆեդյան իրեն պայթեցրել էր հենց մեքենայի մեջ, որից հետո հակառակորդը նրանց մարմինները դուրս էր քաշել և ենթարկել անմարդկային խոշտանգումների։

​Նահապետ Տոնոյանը ամուսնացած էր և ուներ երեք զավակ։ Նա թաղված է Ապարանի եղբայրական գերեզմանատանը։

Հայրենիքի հանդեպ մատուցած ծառայությունների համար հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առաջին աստիճանի մեդալներով, «Հատուկ գունդ», «Վազգեն Սարգսյան», «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշաններով, ինչպես նաև «Առաջին գունդ» և «Մայրական երախտագիտություն» մեդալներով։