Ճանաչենք Արագածոտնի մարզի մեծերին-Արթուր Օշականցի. Աբստրակտ նատուրալիզմի հիմնադիրը

Արթուր Համազասպի Օշականցին (իսկական ազգանունը՝ Սարգսյան) ծնվել է 1953 թվականի հոկտեմբերի 5-ին Խորհրդային Հայաստանի Աշտարակի շրջանի Օշական գյուղում։
Նա ժամանակակից հայ նշանավոր նկարիչ է, ով իր արվեստով մշտական տեղ է զբաղեցրել միջազգային հարթակներում։
Իր մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի արվեստի բաժնում, որտեղ սովորել է 1972-1976 թվականներին։
Ավելի ուշ՝ 1980 թվականից սկսած, նա իր բոլոր կտավներն ու աշխատանքները ստորագրում է «Արթուր Օշականցի» ստեղծագործական անվամբ։
Դեռևս ուսանելու տարիներին և դրանից առաջ՝ 1971-1972 թվականներին, նա աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես նկարիչ-մուլտիպլիկատոր։
Բարձրագույն կրթությունն ավարտելուց հետո՝ 1974-1976 թվականներին, որպես նկարիչ-վերականգնող իր ներդրումն է ունեցել ՀԽՍՀ պետական պատկերասրահում։
Կյանքի հաջորդ տարիներին նա զբաղվել է նաև մանկավարժությամբ. 1977-1978 թվականներին եղել է Երևանի թիվ 122 միջնակարգ դպրոցի նկարչության և գծագրության ուսուցիչը, իսկ 1978-1970 թվականներին ստանձնել է ՀԽՍՀ լուսավորության նախարարության լուսաշխի տան գլխավոր նկարչի պաշտոնը։
1988 թվականին նա դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ։
Արթուր Օշականցու կյանքում շրջադարձային էր 1992 թվականը, երբ նա Գոթենհամ թանգարանի հրավերով տեղափոխվեց և հաստատվեց Լոնդոնում։
Մեծ Բրիտանիայում նրա արվեստը բարձր գնահատականի արժանացավ. 2005 թվականին նրան շնորհվեց Միացյալ Թագավորության առողջապահության նախարարության արվեստի բաժնի պատվավոր նկարչի կոչում (Լոնդոնի NHS-ի պատվավոր նկարիչ)։
Իսկ արդեն 2007 թվականին նա դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Նկարիչների միջազգային միության անդամ։
Բացի այդ, նա «Sensational Art Group» խմբի հիմնադիրն ու ղեկավարն է։
Նրա արվեստի կարևորագույն ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ 2003 թվականին Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը նրան հռչակել է արվեստի պատմության մեջ աբստրակտ նատուրալիզմի հիմնադիր։
։
Նրա հայտնի գործերից են «Տիեզերքի նկարիչը» (1973), «Միայնակը» (1976), «Բնության ներդաշնակություն», «Արյան խաչելություն» (1989), «Մթնոլորտ» (1989), ինչպես նաև 2004-2005 թվականներին ստեղծված «Ժամանակ և տարածություն» նկարաշարը։
Հատկանշական է նրա «Մարդ, կին, անկողին» (1991) կտավը, որը պահվում է Վարշավայի անկախության թանգարանում։
Նկարչի աշխատանքներն այսօր ցուցադրվում և պահպանվում են աշխարհի տարբեր երկրների՝ Հայաստանի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Լեհաստանի, Անգլիայի և ԱՄՆ-ի մի շարք հեղինակավոր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում։