Բացահայտի՛ր Արագածոտնը․ Լուսագյուղի հրաշքը՝ Վերի վանքը

Ապարան համայնքի Լուսագյուղ բնակավայրում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջերից մեկին է գտնվում պատմամշակութային և հոգևոր կարևորագույն արժեք ներկայացնող Թուխ Մանուկ եկեղեցին։
Տեղացիներն այս սրբատեղին անվանում են նաև Վերի վանք, ինչը խորհրդանշում է «վերինների»՝ երկնային հրեշտակների վանքը։
Պատահական չէ, որ սրբավայրի ուխտագնացության օրը նշվում է հենց Երկրորդ Ծաղկազարդի տոնին, երբ ըստ հոգևոր խորհրդի՝ երկնքում հրեշտակների դասն է դիմավորում Հիսուս Քրիստոսին, և վերևից հնչող աղոթքը հսկում է մարդկանց բարօրությունը։
Այս ուշագրավ պատմական հուշարձանը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Լուսագյուղ հնագույն բնակավայրից ընդամենը 100 մետր դեպի հարավ։

Աշխարհագրական ճշգրիտ կոորդինատներն են՝ 40.5961° հյուսիսային լայնություն և 44.4022° արևելյան երկայնություն:
Եկեղեցին կառուցվել է VII դարի սկզբին և իրենից ներկայացնում է խաչաձև գմբեթավոր հորինվածքով կառույց։
Այն կերտվել է Ապարանին բնորոշ սև տուֆի ոչ այնքան մեծ, սրբատաշ քարերով, որոնք շարված են կանոնավոր ու մաքուր շարքերով՝ վկայելով վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության բարձր որակի մասին։
Վերի վանքը հայտնի է ոչ միայն իր պատմական ու ճարտարապետական արժեքով, այլև իր զորավոր ու բուժիչ հատկություններով։
Եկեղեցու տարածքում հոսում է աղբյուր, որի ջուրը տեղացիներն ու ուխտավորները համարում են բուժիչ։
Սրբատեղին դարեր շարունակ հռչակված է որպես հիվանդություններ բժշկող, ինչպես նաև մարդկանց բարի երազանքներն ու նպատակներն իրականացնող նվիրական վայր, որն այսօր էլ շարունակում է մագնիսի պես դեպի իրեն ձգել թե՛ Ապարան համայնքի բնակիչներին, և թե՛ Հայաստանի ու արտերկրի տարբեր անկյուններից ժամանող բազմաթիվ հյուրերին ու ուխտավորներին։