Բացահայտիր Արագածոտնը- Գևորգ Չաուշի տուն-թանգարան. Սասնա ոգին Աշնակում

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը- Գևորգ Չաուշի տուն-թանգարան. Սասնա ոգին Աշնակում

Գևորգ Չաուշի տուն-թանգարանը հայկական ազատագրական պայքարի և ֆիդայական ոգու ամենաազդեցիկ խորհրդանիշներից մեկն է։

Այս կառույցը պարզապես թանգարան չէ, այն յուրօրինակ կամուրջ է Սասնա լեռների և արդի Հայաստանի միջև, քանի որ Աշնակը հիմնադրվել է Մեծ Եղեռնից փրկված սասունցիների կողմից, ովքեր իրենց հետ բերել են հերոսական ավանդույթներն ու հիշողությունները։

Թանգարանի կառուցման գաղափարը ծնվել է 1980-ական թվականներին հերոսի զարմիկի՝ Գևորգ Մելքոնյանի ջանքերով, ով ցանկանում էր հավերժացնել «Լեռների առսպելի» հիշատակը հենց այն վայրում, որտեղ հաստատվել էր Չաուշի գերդաստանը։

Շենքի նախագծումն իրականացրել է լեգենդար ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, ում ձեռագիրն ակնհայտ է շենքի ամրոցատիպ կերպարում և սրբատաշ տուֆի մոնումենտալ կիրառման մեջ։

Կառույցի ամենատպավորիչ հատվածը բարձր աշտարակն է, որի գագաթին 2014 թվականին տեղադրվեց «Հայոց արծիվ» քանդակը՝ հեղինակված քանդակագործ Գևորգ Գևորգյանի և ճարտարապետ Լևոն Մկրտչյանի կողմից։

Այս արծիվը խորհրդանշական հայացքով ուղղված է դեպի Արևմտյան Հայաստան՝ դեպի Մուշ և Սասուն, որտեղ ծավալվել են Չաուշի հերոսական մարտերը։

Թանգարանի ներքին հավաքածուն ընդգրկում է զորավարի անձնական իրերը, զենքերի նմուշներ, հազվագյուտ լուսանկարներ և փաստաթղթեր, որոնք մանրամասնում են հայդուկային շարժման պատմությունը, ֆիդայական կենցաղն ու 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հերոսամարտերը։

Այցելուները կարող են ծանոթանալ նաև Չաուշի զինակիցների կյանքին և այն միջավայրին, որտեղ ձևավորվել է հայ ազգային-ազատագրական գաղափարախոսությունը։

Այս պատմական համալիրը ոչ միայն զբոսաշրջային վայր է, այլև հայրենասիրական դաստիարակության կենտրոն, որտեղ ամեն տարի մայիսի վերջին հավաքվում են հազարավոր մարդիկ՝ նշելու հերոսի հիշատակը և մասնակցելու ազգային երգ ու պարի տոնակատարություններին։

Թանգարանը գտնվում է Աշնակ գյուղի կենտրոնական հատվածում, Երևանից մոտ 65 կմ հեռավորության վրա, և հեշտությամբ հասանելի է Երևան-Գյումրի մայրուղուց դեպի Թալին տանող ճանապարհով։

Կոորդինատներն են՝ 40.3311° N, 43.9189° E