Բացահայտիր Արագածոտնը -Կարմրավոր եկեղեցի. 7-րդ դարի անաղարտ հրաշքը
· Աշտարակ

Կարմրավորը, որը հայտնի է նաև որպես Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայկական միջնադարյան ճարտարապետության ամենաինքնատիպ և արժեքավոր կոթողներից է:
Այն կառուցվել է 7-րդ դարում Գրիգոր և Մանաս քահանաների կողմից և այսօր ներառված է Աշտարակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
Այս փոքրիկ կառույցն ունի խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածք, որի արտաքին չափսերն են ընդամենը 5,9 x 7,4 մետր:

Կարմրավորն առանձնահատուկ է նրանով, որ այն Հայաստանում միակ եկեղեցին է, որի կարմիր կղմինդրե տանիքն անաղարտորեն պահպանվել է մինչև մեր օրերը:
Նրա ութանիստ թմբուկը պսակված է կղմինդրադածկ կորագիծ վեղարով, որը նույնանյութ և նմանաձև տարրի պահպանված հնագույն օրինակն է ողջ հայկական ճարտարապետության մեջ:
Եկեղեցու կղմինդրներն ամուր սեղմված են կրային շաղախի մեջ և լրացուցիչ ամրացված մեխերով, ինչն էլ ապահովել է դրանց դարավոր հարատևումը:
Եկեղեցու շուրջը գտնվում են բազմաթիվ հետաքրքիր ու արժեքավոր խաչքարեր, որոնցից ամենահայտնին «Ծակ-Քարն» է (կառուցված 1268 թվականին), որն իր անունն ստացել է պատվանդանում առկա հատուկ ծակի պատճառով:
Պատմական աղբյուրների համաձայն՝ հնում Կարմրավորը եղել է կուսանաց վանք: Այնտեղ երկար ժամանակ պահվել են ուշադրության արժանի երկու կարևոր հնություններ. առաջինը հնդկական նկարազարդ վարագույրն է, որը 1798-1799 թվականներին բերվել էր Կալկաթայից, իսկ երկրորդը՝ «Շուխոնց ավետարանը»՝ ձեռագիր մի մատյան, որը 1873 թվականին եկեղեցուն էր նվիրաբերել աշտարակցի Շուխյանց ընտանիքը:
Եկեղեցու ներկայիս փայտյա դուռը արվեստի իսկական գործ է՝ զարդարված նուրբ փորագրություններով ու երգող հրեշտակների պատկերներով, որը 1983 թվականին պատրաստել է ազգային վարպետ Սարգիս Պողոսյանը:
Իսկ եկեղեցու հարևանությամբ՝ մի հանգիստ ու գողտրիկ անկյունում, գտնվում է հայ մեծ բանաստեղծ Գևորգ Էմինի գերեզմանը:

Եկեղեցու անվան ծագման մասին գոյություն ունի երկու տարբերակ: Ըստ ժողովրդական գեղեցիկ ավանդության՝ Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի:
Ավագ երկու քույրերը որոշում են զոհաբերել իրենց՝ կրտսեր քրոջը երջանկություն պարգևելու համար. նրանք հագնում են ծիրանագույն ու կարմիր զգեստներ և իրենց նետում անդնդախոր ձորը:
Իմանալով այս դաժան լուրը՝ փոքր քույրը սպիտակ զգեստ է հագնում և նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը դառը վշտից դառնում է ճգնավոր:
Հետագայում ձորի եզրին կառուցվում են երեք եկեղեցիներ, որոնք քույրերի զգեստների գույներով կոչվում են Կարմրավոր, Ծիրանավոր և Սպիտակավոր: Ըստ մեկ այլ՝ ավելի տարածված ու գիտական կարծիքի, անվանումները կապված են եկեղեցիների որմնանկարների հետ. ասում են, որ Սպիտակավոր եկեղեցու որմնանկարներից մեկում Սուրբ Մարիամ Աստվածածնի գլխանոցը սպիտակ է, իսկ Կարմրավորում և Ծիրանավորում՝ համապատասխանաբար կարմիր ու ծիրանագույն:
Այս պատմական հրաշալիքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, իսկ նրա ճշգրիտ աշխարհագրական կոորդինատներն են՝ 40°17′59″N 44°21′56″E:
Լուսանկարները ` Hushardzan. am-ի