Բացահայտիր Արագածոտնը-Վահրամաշեն եկեղեցի

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը-Վահրամաշեն եկեղեցի

Վահրամաշեն եկեղեցին, որը երբեմն անվանվում է նաև Սուրբ Աստվածածին կամ Ամբերդի եկեղեցի, հայկական նշանավոր ճարտարապետական հուշարձան է։

Այն կառուցել է Վահրամ Պահլավունին, և հյուսիսային մուտքի մոտ գտնվող արձանագրության համաձայն՝ կառուցումն ավարտվել է 1026 թվականին։

​Եկեղեցին ունի ինքնատիպ ճարտարապետական հորինվածք․ դրսից այն ուղղանկյուն է, իսկ ներսից՝ խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ կառույց։

Այն առաջին եկեղեցիներից մեկն է, որոնց խաչ-թևերի չորս անկյուններում առկա են կրկնահարկ ավանդատներ։

Կառույցի 12 նիստանի թմբուկը, որն ավարտվում է հովհարաձև վեղարով, հենվում է հենց այդ ավանդատների անկյուններից բարձրացող կամարներին։

Ուշագրավ է նաև այն փաստը, որ ծածկի ծանրությունը թեթևացնելու նպատակով տանիքի տարբեր մասերում՝ լիցքի մեջ, տեղադրվել են կավե թրծված կարասներ։

​Եկեղեցու արտաքին տեսքը բավականին զուսպ է, իսկ համաչափությունները՝ ներդաշնակ։

Արևելյան ճակատի վրա առկա են ուղղաձիգ զույգ խորշեր, մինչդեռ մյուս ճակատները հարթ են։

Սյունափնջերով զարդարված կամարակապ մուտքը բացվում է հարավային ճակատից։

​Կառույցն ունի մի քանի արձանագրություններ։ Դրանցից մեկը՝ կառուցման վերաբերյալ շինարարական և օրենսդրական արձանագրությունը, փորագրված է ներսից՝ հյուսիսային պատի (հյուսիսային դռան բարավորի) վրա։

Այս արձանագրությունն առաջին անգամ ընդօրինակել է Երվանդ Տեր-Մինասյանը և հրատարակել 1961 թվականին «Էջմիածին» ամսագրում։ Ըստ վիմագրագետ Սուրեն Ավագյանի վերծանության՝ թեև բնագրում կան մի քանի չպարզված հանգամանքներ, այն ընդհանուր գաղափար է տալիս եկեղեցական հարկերի և այլ հասույթների առթիվ իշխան Վահրամ Պահլավունու կատարած օրինականացման մասին։

Տեղակայումը՝ Հայաստան, Արագած լեռան լանջին, Ամբերդ ամրոցի համալիրում։

Կոորդինատները՝ 40°23′15″N 44°13′43″E։