Ճանաչենք Արագածոտնի մարզի մեծերին- Մկրտիչ Ներսիսյան

Մկրտիչ Գեղամի Ներսիսյանը ծնվել է 1909 թվականին (ըստ այլ տվյալների՝ 1910 թ. նոյեմբերի 25-ին) Երևանի նահանգի Էջմիածնի գավառի Փարպի գյուղում։
1923-ին ավարտել է գյուղի յոթնամյա դպրոցը, 1927-ին՝ Երևանի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, իսկ 1931-ին՝ ԵՊՀ պատմաբանասիրական ֆակուլտետը։
1931-1937 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմին կից կուսակցության պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1938-1940 թթ.՝ ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի (Արմֆան) պատմության և նյութական կուլտուրայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, իսկ 1940-1941 թթ.՝ տնօրեն։
1939-ին պաշտպանել է թեկնածուական, 1946-ին՝ դոկտորական թեզը, որը հիմք դարձավ 1955-ին լույս տեսած «Հայ ժողովրդի պայքարը թուրքական բռնապետության դեմ 1850-1870 թթ.» արժեքավոր մենագրության համար։
1941-1943 թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին և վիրավորվել Կովկասի պաշտպանության մարտերում։ 1944-1946 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալ, իսկ 1946-1950 թթ.՝ Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրենի տեղակալ։ 1947-ին ստացել է պրոֆեսորի կոչում, 1950-ին ընտրվել ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս՝ մինչև 1962 թ. վարելով հասարակական գիտությունների գծով փոխնախագահի պաշտոնը։
Մանկավարժական գործունեության ընթացքում (1931-1968 թթ.) դասավանդել է ԵՊՀ-ում, Խ. Աբովյանի և Վ. Բրյուսովի անվան ինստիտուտներում։ 1937-1941 թթ. եղել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, իսկ 1949-1954 թթ.՝ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ։
Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է ավելի քան 20 թեկնածուական և դոկտորական ատենախոսություն։ Հիմնադրել և խմբագրել է «Պատմա-բանասիրական հանդեսը» (1958 թ.-ից մինչև կյանքի վերջ) ու «Բանբեր Երևանի համալսարանի» քառամսյա հանդեսը (1967 թ.)։ Ակտիվորեն ներգրավված է եղել քաղաքական կյանքում. եղել է Հայաստանի կոմկուսի XV, XXIV, XXVI համագումարների պատգամավոր, ՀԿԿ Կենտկոմի, Երևանի քաղկոմի անդամ, ինչպես նաև ՀԽՍՀ և ԽՍՀՄ VII, VIII, IX գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։
Որպես գիտնական՝ հեղինակել է բազմաթիվ ուսումնասիրություններ, հոդվածներ ու մենագրություններ։
1930-ականներին անդրադարձել է Անդրկովկասի հեղափոխական շարժումներին, Ստեփան Շահումյանին, Բաքվի կոմունային, Մայիսյան ապստամբությանը և 1918-1920 թթ. տնտեսական կյանքին։ Զգալի ավանդ ունի Օսմանյան կայսրությունում արևմտահայության ծանր կացության, 1862 թ. Զեյթունի ապստամբության և Մեծ եղեռնի պատմության լուսաբանման գործում. Ռ. Սահակյանի հետ կազմել է «Գենոցիդ արմյան վ...» ստվարածավալ փաստաթղթերի ժողովածուն։
1965-ին «Ժողովրդական հերոսը» հոդվածով խորհրդահայ պատմագիտության մեջ առաջին անգամ տվել է զորավար Անդրանիկի օբյեկտիվ, գիտական բնութագիրը՝ նշելով նաև նրա վրիպումները։
Ղեկավարել է «Հայ ժողովրդի պատմություն, հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» կոլեկտիվ աշխատությունը։ 1961-ին ստացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում։ Պարգևատրվել է Լենինի (1970), Աշխատանքային կարմիր դրոշի (1953), Ժողովուրդների բարեկամության (1980) շքանշաններով, ԵՊՀ ոսկե մեդալներով, իսկ 1995-ին Հայաստանում առաջինն է արժանացել «Մովսես Խորենացի» մեդալին։
Մահացել է 1999 թվականի հունվարի 28-ին Երևանում և թաղվել իր ծննդավայր Փարպիում։