Բացահայտիր Արագածոտնը- Աշտարակի հին կամուրջ

· Աշտարակ

Բացահայտիր Արագածոտնը- Աշտարակի հին կամուրջ

Աշտարակի կամուրջը (հայտնի է նաև որպես Աշտարակի հին կամուրջ կամ Ձորի կամուրջ) միջնադարյան հայկական ճարտարապետության ու կամրջաշինության նշանավոր և արժեքավոր կառույցներից մեկն է:

Այս պատմական հուշարձանը կառուցվել է 1664 թվականին Քասախի կիրճում՝ համանուն գետի վրա: Այն վեր է խոյացել ավելի հին՝ ենթադրաբար 12-13-րդ դարերին պատկանող կամրջի հարևանությամբ, որը ժամանակին չէր դիմացել Քասախ գետի վարարումներին, քանդվել էր և որից միայն հիմքի խարսխի մի կտոր էր մնացել:

​Համաձայն 17-րդ դարի հայ պատմիչ Առաքել Դավրիժեցու վկայության՝ կամուրջը կառուցել է Մոծակենց Մահտեսի խոջա Գրիգորը:

Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ այն հիմնադրել է երևանցի հարուստ վաճառական Խոջա Փիլավը:

Կառուցման մասին արձանագրությունը եղել է կամրջի միջին և մեծ կամարների միջև գտնվող ճակատային պատին, որը հետագա վերանորոգման արդյունքում հայտնվել է սվաղի տակ:

Կառույցն իր պատմության ընթացքում կարևորագույն դեր է խաղացել պատմական Հայաստանի առևտրատնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև ռազմական տեղաշարժերի ապահովման գործում:

Դարերի ընթացքում կամուրջը կանգուն է մնացել, իսկ վերջին անգամ անհրաժեշտ վերականգնողական աշխատանքներն այստեղ իրականացվել են 2004 թվականին: Այժմ այն ներառված է Աշտարակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում:

​Ճարտարապետական տեսանկյունից կամուրջը պատկանում է եռակամար (եռաթռիչք) կառույցների տիպին: Կամրջի եզրապատերն ունեն աստիճանաձև տեսք, ինչն էլ ավելի է ընդգծում դրա ընդհանուր հորինվածքային ձևը:

Կառույցի մի ծայրը հենված է գետի ձախափնյա բարձր քարափին, իսկ մյուս ծայրը պատի ձևով ձգվում է աջափնյա հարթության վրա: Քանի որ գետի աջ և ձախ ափերն ունեն տարբեր մակարդակների բարձրություն, թռիչքի անցումն իրականացվել է թեքությամբ դեպի աջ ափ, որն ավելի ցածր է:

Ամբողջ կամուրջը կառուցված է սրբատաշ ծիրանագույն տուֆ քարից: Իր չափսերով այն համարվում է միջնադարյան Հայաստանի ամենամեծ կամուրջներից մեկը. ընդհանուր երկարությունը կազմում է 76,2 մետր, լայնությունը՝ 6 մետր, իսկ կամարների բացվածքները համապատասխանաբար 7,5, 9,05 և 11,4 մետր են:

​Կամրջի հետ է կապված նաև մի հուզիչ ժողովրդական ավանդազրույց, որը փոխանցվել է սերնդեսերունդ:

Ըստ զրույցի՝ երբ դնում էին Աշտարակի հին կամրջի հիմքերը, գետի կատաղի ջրերը քշում-տանում էին բոլոր քարերը: Ինչքան փորձում էին նորից դնել հիմքը, գետը դարձյալ քանդում էր այն: Այդ ժամանակ գյուղի ծերերը խորհուրդ են տալիս վարպետներին ու բանվորներին հիմքը փոխել նոր տեղով, և որպեսզի կառույցը երբեք չքանդվի, պատաշարի մեջ կենդանի վիճակում թաղել մի որբ աղջկա:

Բանվորները շրջում են գյուղում, հարցուփորձով գտնում մի որբ աղջիկ, փողով գնում նրան իր խորթ մորից ու սկսում են շարել կամրջի պատի մեջ: Շարելու ընթացքում աղջիկը հնազանդ ենթարկվում է նրանց կամքին, բայց երբ պատը հասնում է նրա ծնկներին, աղջիկն աղեկտուր ձայնով ասում է. «Շարեցին, մերի՛կ ջան, շարեցին. Մինչև ծնկներս...»: Երբ պատը հասնում է նրա կրծքին, նա կրկին ձայն է տալիս. «Շարեցին, մերի՛կ ջան, շարեցին. Մինչև դոշս քարեցին...»:

Իսկ երբ պատը հասնում է նրա կոկորդին, աղջիկն արտասանում է իր վերջին խոսքերը. «Շարեցին, մերի՛կ ջան, շարեցին. Մինչև բոկս քարեցին...»: Դրանից հետո աղջկա ձայնն այլևս չի լսվում, նա մնում է պատի մեջ, ինչից հետո կամուրջն այլևս չի քանդվում և բարեհաջող հասնում է իր ավարտին:

Հավատարիմ մնալով այս ավանդությանը՝ կամուրջն այսօր էլ կանգուն է:

​Տեղակայումը՝ Հայաստան, Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ, Քասախ գետի վրա։

Կոորդինատները՝ 40°17′54″N 44°22′06″E