Բացահայտիր Արագածոտնը-Միջնադարյան ճանապարհների լռակյաց վկան՝ Արուճի քարավանատուն

Արագածոտնի մարզի ամենաաշխույժ ճանապարհին, ամրոցի պես վեհաշուք ու կանգուն, վեր է խոյանում միջնադարյան հայկական ճարտարապետության յուրօրինակ կոթողներից մեկը՝ Արուճի քարավանատունը:
Այս կառույցն իր մեջ ամփոփում է դարերի պատմություն, առևտրական անցուդարձ ու հեռավոր երկրներից եկած ճամփորդների հիշողություններ։

Արուճի քարավանատունը թվագրվում է 13-րդ դարով և ամբողջությամբ կերտված է նարնջագույն սրբատաշ տուֆից: Իր անունը կառույցը ստացել է հարակից գյուղի պատվին։ Միջնադարյան այս ճանապարհամերձ հյուրատունը սոսկ կանգառ չէր․ այն հանդիսանում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինը իրար կապող կարևորագույն առևտրային երթուղու առանցքային հանգույցներից մեկը, որը Հայաստանով անցնող լեգենդար Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր:
Այս ուղին անցնում էր Արարատյան հարթավայրի բնակավայրերով՝ իրար հյուսելով Պարսկաստանի, Բյուզանդական կայսրության, Վրաստանի, Կասպից ծովի ու Կենտրոնական Ասիայի առևտրային թելերը։

Միջնադարյան իջևանատները կառուցվում էին մայրուղիների, առևտրային ճանապարհների վրա, մեծ քաղաքներում ու վանքերում, և դրանք մեծ նշանակություն ունեին միջազգային քարավանային առևտրի զարգացման համար։
Ճարտարապետական տեսանկյունից Արուճի քարավանատունը նախագծված է եղել որպես մեկ մուտք ունեցող լայնարձակ շինություն։ Մուտքի բացվածքն այնքան մեծ էր արված, որպեսզի դրանով հեշտությամբ կարողանային ներս մտնել ու դուրս գալ բեռնավորված կենդանիները՝ ուղտերը, ավանակներն ու ձիերը։
Այս կառույցը միաժամանակ ապահով պատսպարան էր թե՛ կենդանիների, թե՛ մարդկանց՝ քարավանապետերի ու նրանց սպասավորների համար։
Քարավանատան կենտրոնական սրահը նախատեսված էր կենդանիների համար և կահավորված էր ամուր կերամաններով ու ջրամաններով, մինչդեռ կողային սրահները նախատեսված էին տերերի ու սպասավորների հանգստի ու գիշերակացի համար։
Այստեղ ոչ միայն դադար էին առնում հոգնած ճամփորդները, այլև հարակից շուկայում կազմակերպվում էր ակտիվ առևտուր։
Դատելով պահպանված չափսերից՝ այս կառույցն ունեցել է բացառիկ մեծ կարևորություն և գտնվել է նշանավոր երթուղիների խաչմերուկում։
Արուճի քարավանատիւնը ներկայումս հնարավոր է դիտարկել միայն դրսից՝ անմիջապես մոտենալով կառույցին, սակայն ներս մտնել հնարավոր չէ։
Նույնիսկ արտաքին զննումը բավական է՝ զգալու համար միջնադարյան հզոր շնչառությունն ու հայ շինարարի տաղանդը։
Տեղակայումը՝ Արագածոտնի մարզ, Արուճ գյուղի տարածք, Երևան-Գյումրի ավտոճանապարհի հարևանությամբ:
Կոորդինատները՝ 40.2982° N, 44.0772° E: