Բացահայտիր Արագածոտնը-Ուջան գյուղի հարուստ պատմությունն ու հյուրընկալ ոգին

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը-Ուջան գյուղի հարուստ պատմությունն ու հյուրընկալ ոգին

Հայաստանի պատմական ու հետաքրքիր անկյուններից է Ուջան գյուղը, որը գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում՝ Երևան-Գյումրի ավտոմայրուղու աջ կողմում.

Այս ուշագրավ բնակավայրը փռված է Արագած լեռան հարավային լանջերին՝ կրկեսաձև գոգավորությունում, Վժան լեռնաճյուղի փեշերին։

Պատմական աղբյուրներում և տեղական անվանումներում այն հայտնի է եղել նաև Վժան, Ուժժան կամ Ուժան անուններով:

Գյուղի բնակչության նախնիները գաղթել են Մոտկանից, Արճեշից և Վանից՝ իրենց հետ բերելով արևմտահայկական հարուստ ավանդույթներն ու ոգին:

​Ուջանն առաջին հերթին աչքի է ընկնում իր հարուստ պատմամշակութային ժառանգությամբ և բացառիկ հուշարձաններով:

Գյուղի տարածքում է գտնվում հնամենի քարանձավ-կացարանը, ինչպես նաև հնագույն կիկլոպյան ամրոցը:

Բացի այդ, հյուսիսային մասում՝ «Ադամի բաղեր» կոչվող հանդամասում, վեր է խոյանում 9-13-րդ դարերի պատմական դղյակը:

Գյուղի ամենանշանավոր ու խորհրդանշական առանձնահատկություններից մեկն այն է, որ հենց այստեղ է 1967 թվականին տեղադրվել Անդրանիկ Զորավարի առաջին արձանը Հայաստանում:

Ուջանը հայտնի է նաև մշակութային կյանքով. այստեղ է անցկացվել «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը, որի շրջանակներում ֆիլմերի ցուցադրություններն ու քննարկումները կազմակերպվել են տեղի դպրոցում և զբոսայգում, իսկ փառատոնին մասնակցել է նաև մեծն Արտավազդ Փելեշյանը:

​Տեղացիների բնավորության գլխավոր առանձնահատկությունը նրանց բացառիկ հյուրընկալությունն է, անմիջականությունն ու արվեստասեր ոգին:

Ուջանցիները հայտնի են որպես ջերմ ու սրտաբաց մարդիկ, ովքեր մեծ պատվով են ընդունում յուրաքանչյուր հյուրի: Սրա վառ ապացույցն է այն, որ միջազգային կինոփառատոնի օրերին գյուղի բնակիչներն իրենց սեփական տներում սիրով հյուրընկալում էին արտասահմանյան հյուրերին ու ժյուրիի անդամներին՝ ստեղծելով ընտանեկան ու ջերմ միջավայր:

Միևնույն ժամանակ, նրանք աշխատասեր ու հողին կապված մարդիկ են. գյուղի տնտեսությունը մասնագիտացած է գյուղատնտեսության մեջ, և բնակիչները մեծ ջանասիրությամբ զբաղվում են այգեգործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբոստանային ու հացահատիկային մշակաբույսերի աճեցմամբ, ինչպես նաև խաղողագործությամբ:

Տեղակայումը՝ Հայաստան, Արագածոտնի մարզ, Աշտարակ համայնք, մարզկենտրոնից 13 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 1150 մ բարձրության վրա:

Կոորդինատները՝ 40°17′54″N 44°12′17″E:

Լուսանկարը `Անդրանիկ Քեշիշյանի