Բացահայտիր Արագածոտնը. Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Օշական գյուղում։
Այն 1996 թվականից Արագածոտնի թեմի առաջնորդանիստ եկեղեցին է։
Տաճարը 443 թվականին կառուցել է Վահան Ամատունի իշխանը՝ հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի վրա։
17-րդ դարում եկեղեցին եղել է կիսավեր վիճակում։
1639-1645 թվականներին Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսը հիմնովին նորոգել է եկեղեցին։
Սակայն 19-րդ դարում Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին վերստին եղել է խարխուլ և վթարային վիճակում։
Այդ պատճառով 1850 թվականին Ներսես Ե Աշտարակեցին կոնդակով դիմել է Սինոդին՝ եկեղեցին նորոգելու առաջարկով։
1860 թվականին Միքայել Նալբանդյանը, Հնդկաստան մեկնելուց առաջ, ուխտի է եկել Օշական և, տեսնելով եկեղեցու անմխիթար վիճակը, բանաստեղծությամբ արտահայտել է իր վիշտն ու դառնությունը։
1668-1672 թվականներին եկեղեցու վերակառուցման համար Գրիգոր վարդապետի ղեկավարությամբ նախապատրաստական աշխատանքներ են կատարվել։
Ավելի ուշ՝ 1872 թվականին, Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը կոնդակով հայ ժողովրդին կոչ է արել նյութապես սատարել եկեղեցու վերակառուցմանը. 1873-1879 թվականներին օշականցիների մասնակցությամբ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին հիմնովին վերակառուցվել է և օծվել 1879 թվականի հոկտեմբերի 21-ին։
Փաստորեն կառուցվել է նոր եկեղեցի՝ նոր հորինվածքով, թեև մինչև 20-րդ դարը դեռևս պահպանված են եղել նախկին շենքի պատերի հետքերը, իսկ արևելքում՝ արտաքուստ բազմանիստ Ավագ խորանով։

Նոր եկեղեցին թաղածածկ դահլիճ է։
Ավագ խորանի տակ գտնվում է Մեսրոպ Մաշտոցի դամբարանը (443 թ.)։
Այն ուղղանկյուն թաղածածկ խուց է, որն արևելքում ունի խորշ, իսկ հյուսիսից և հարավից՝ մուտքեր, որոնցից հյուսիսայինը փակվել է, իսկ հարավայինը բացվել է դեպի ավանդատուն։
1880 թվականին եկեղեցու հարավային կողմում՝ Վահան Ամատունու գերեզմանի վրա, կանգնեցվել է հուշակոթող. 1884 թվականին եկեղեցուն արևելքից կցել են երկհարկ, 8-սյունանի ռոտոնդայով պսակված զանգակատունը, որը բացառիկ է հայկական ճարտարապետության մեջ իր տեղադրությամբ, գլանաձև ծավալով և Ավագ խորանից բացվող մուտքով. 1913 թվականին եկեղեցու հարավային կողմում կառուցվել է դպրոցի շենք։
1960-1964 թվականներին Վազգեն Ա Պալճյանի հոգածությամբ և միլանահայ Հ. և Թ. Ղազարոսյան եղբայրների բարերարությամբ բարեկարգվել է եկեղեցու շրջապատը, նորոգվել են Մեսրոպ Մաշտոցի դամբարանն ու եկեղեցին։
Դեպի դամբարան տանող մուտքի դիմաց կանգնեցվել է կոթող՝ մեսրոպյան այբուբենի երկաթագիր տառերով, և դրվել դամբարանի արևելյան խորշում (ճարտարապետ՝ Բ. Արզումանյան). Աղոթասրահում կախվել է երկհարկանի ջահ, որի ճարտարապետն է Ռ. Իսրայելյանը. 1962 թվականին Մեսրոպ Մաշտոցի բազալտե գերեզմանաքարը փոխարինվել է օնիքս քարից պատրաստված նոր տապանաքարով։
1964-1966 թվականներին հնդկահայ Պ. Ալեքսանյանի բարերարությամբ եկեղեցու ներսը նկարազարդվել է «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարով, որի նկարիչներն են Հ. Մինասյանը և Հ. Մամյանը. Որմնանկարն իրականացվել է եռապատկեր հորինվածքով, որը ներդաշնակ է ճարտարապետությանը։
Արևմտյան պատի որմնանկարում պատկերված է Մեսրոպ Մաշտոցը՝ նորաստեղծ այբուբենը ձեռքին։
Որմնանկարը կամարակապ լուսամուտով բաժանվում է երկու մասի. ձախ կողմում Մեսրոպ Մաշտոցն է՝ շրջապատված աշակերտներով, իսկ աջ կողմում՝ հայրապետական գահին բազմած Սահակ Ա Պարթևը, կողքին կանգնած են Վռամշապուհ թագավորը և թագուհին, Վահան Ամատունի իշխանը և նախարարները։
Նրանց վերևում Արարատի ձյունազարդ գագաթն է և Հռիփսիմեի տաճարը. Կենտրոնում հնարամտորեն օգտագործված է լուսամուտի բացվածքը, որի ապակու վրա, դրսից պայծառ լույսով ողողված, գրված է հայոց այբուբենը։
Հարավային պատին կանգնուն և ծնրադիր նետաձիգ զինվորներն են՝ հայոց աշխարհի պահապանները, իսկ նրանց գլխավերևում պատկերված է ուժի և հայրենիքի կենսունակության խորհրդանիշ թևատարած արծիվը։
Հյուսիսային պատին պատկերված է Հայաստանի գարունը՝ ծաղկած ծառերով և զվարթ աղջիկներով։
Որմնանկարը զուգակցում է հայկական մանրանկարչության, միջնադարյան քանդակագործության ու որմնանկարչության ավանդույթները և հանդիսանում է 20-րդ դարի հայկական ստեղծագործություններից մեկը։
1995 թվականին եկեղեցու արևմտյան կողմում կանգնեցվել է հուշակոթող։
1996 թվականին Գարեգին Ա Սարգիսյանի հովանավորությամբ և Արագածոտնի թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ջանքերով, ամերիկահայ Ջ. Կոբոյանի բարերարությամբ, եկեղեցամերձ դպրոցի շենքը հիմնովին վերակառուցվել է. 1997 թվականին այնտեղ բացվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատունը (ճարտարապետ՝ Բ. Արզումանյան)։
Այն երկհարկանի, սյունազարդ և գմբեթավոր դահլիճներով, ցուցասրահներով, հարուստ գրադարանով շքեղ կահավորված շենք է, որի սրահներում ներկայացված են հայ անվանի արվեստագետների ստեղծագործություններ։
Տեղակայումը. Հայաստան, Արագածոտնի մարզ, գյուղ Օշական
Կոորդինատներ. 40°15′31″N 44°18′56″E