Բացահայտիր Արագածոտնը- Ոսկեթասի Սուրբ Սահանդուխտ մատուռի խորհրդավոր պատմությունը

Արագածոտնի մարզի Ոսկեթաս գյուղում՝ Լեոնիկ (անձնագրով՝ Գառնիկ) Հակոբյանի տան հարակից տարածքում է գտնվում տեղի ամենանշանավոր սրբավայրերից մեկը՝ Սուրբ Սահանդուխտ մատուռը:
Ըստ ժողովրդական ավանդության՝ Սուրբ Սահանդուխտը եղել է յոթ եղբայրների քույր, անապական մաքրությամբ օժտված մի աղջիկ:
Հակոբյանների ընտանիքը Ոսկեթասում հաստատվել է 1910-ական թվականների վերջերին: Տարիներ շարունակ ընտանիքի անդամները հավատի ուժով զգացել են իրենց տան տարածքում թաքնված սրբավայրի առկայությունը: Այդ ծանր տարիներին գյուղում ընտանիքի գոյության միակ միջոցը եղել է իրենց միակ կովը։
Մի օր Գառնիկ Հակոբյանի քույրը երազ է տեսնում, որտեղ հայտնված հրեշտակը հուշում է, որ սրբավայրի իրական տեղը բացահայտելու համար անհրաժեշտ է մատաղ անել ընտանիքի ապրուստի միակ միջոց հանդիսացող այդ կովը:
Սկզբում ընտանիքի մեծ մայրը թերահավատորեն է մոտենում և լուրջ նշանակություն չի տալիս տեսիլքին, սակայն երբ երազը կրկնվում է, ընտանիքը որոշում է գնալ այդ անձնազոհ քայլին:
Մատաղից հետո, սրբատեղիի ճշգրիտ վայրը գտնելու նպատակով, նրանք Մաստարա գյուղից իրենց տուն են հրավիրում Ալլա անունով մի կնոջ, ով կարողանում էր Ավետարան կարդալ:

Այդ կինը, սուրբ գրքի օգնությամբ և աղոթքներով, մատնանշում է սրբավայրի հստակ տեղը, որը, ինչպես պարզվում է, գտնվում էր հենց անասնագոմի տարածքում:
Ընտանիքը քանդում է գոմը և սկսում փորել հողատարածքը՝ սրբազան մասունքը կամ հետքը գտնելու հույսով։ Առաջին փորձն ապարդյուն է անցնում, սակայն երկրորդ փորձի ժամանակ հողի տակից դուրս է գալիս մի քար, որի վրա փորագրված է լինում «Ս» տառը՝ որպես Սուրբ Սահանդուխտի անվան սկզբնատառ:
Հենց այդ տարածքում էլ հետագայում կառուցվում է ներկայիս մատուռը, որը ժամանակի ընթացքում դառնում է եկեղեցի չունեցող Ոսկեթաս գյուղի գլխավոր հոգևոր ու ուխտագնացության վայրերից մեկը: Իսկ հողի տակից հայտնաբերված խորհրդավոր քարը մինչ օրս խնամքով պահվում է մատուռի ներսում:
Ըստ Լեոնիկ Հակոբյանի վկայության՝ իր ընտանիքի անդամները բազմաթիվ ծանր փորձություններից ու պատահարներից միշտ բարեհաջող և անվնաս են դուրս եկել հենց Սուրբ Սահանդուխտի մեծ զորության ու հովանավորության շնորհիվ:
Դրանցից մեկը եղել է չափազանց ծանր ավտովթար, որից հրաշքով փրկվել են, բացի այդ՝ Լեոնիկ Հակոբյանի թոռը մասնակցել է Արցախյան վերջին պատերազմին և ռազմադաշտից տուն է վերադարձել ողջ և առողջ:

Լեոնիկ Հակոբյանի կինը՝ Սվետան, պատմում է, որ տարվա ընթացքում մի քանի անգամ երազում տեսնում է Սուրբ Սահանդուխտի յոթ եղբայրներից մեկին կամ մի քանիսին։ Որպես կանոն, այդ տեսիլքներից հետո ընտանիքը միշտ հաջողություններ է ունենում կամ մեծ ու բարդ փորձություններից դուրս է գալիս հաղթական ու անկորուստ:
Մատուռը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ոսկեթաս գյուղի կենտրոնական մասում՝ մասնավոր տնամերձ տարածքին կից:
Կոորդինատներ. 40.428318, 43.882352
Լուսանկարները `Հայաստանի մատուռների